«Իրադրության նոր սրում ունենք ԼՂ-ում», հայտարարեց Փաշինյանը՝ մարտի 5-ին տեղի ունեցածն ահաբեկչական ակտ որակելով


«Իրադրության նոր սրում ունենք ԼՂ-ում», հայտարարեց Փաշինյանը՝ մարտի 5-ին տեղի ունեցածն ահաբեկչական ակտ որակելով

  • 09-03-2023 11:48:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Արդեն 3 ամիս Լաչինի միջանցքի Ադրբեջանի կողմից փակ լինելու պայմաններում իրադրության նոր սրում ունենք Լեռնային Ղարաբաղում», - այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 5-ին Արցախում տեղի ունեցածն ահաբեկչական ակտ որակելով։
 
Վարչապետը շեշտեց՝ նախորդ կիրակի Ադրբեջանի զինված ուժերի մի ստորաբաժանում դարանակալել և հարձակվել է Ստեփանակերտից «ՈՒԱԶ» մակնիշի մարդատար ավտոմեքենայով ծառայողական նպատակներով Հին Շեն և Մեծ Շեն գյուղեր ուղևորվող ոստիկանների վրա, ոստիկաններից 3-ը զոհվել են, 1-ը վիրավորվել։
 
Փաշինյանը հիշեցրեց Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե «գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն, համաձայն որի, իրենք պետք է Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների հետ քննարկեն վերջիններիս իրավունքների և անվտանգության հարցը»։ Վարչապետը հիշեցրեց նաև Ալիևի հաջորդ հայտարարություն, թե այդ «քննարկումները Բաքուն պատրաստվում է ունենալ Լեռնային Ղարաբաղում ծնված և ապրած մարդկանց հետ»՝ շեշտելով՝ մարտի 5-ի ահաբեկչական ակտին զոհ գնացին Լեռնային Ղարաբաղում ծնված, Լեռնային Ղարաբաղում ընտանիքներ կազմած երեք քաղաքացիներ։
 
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 5-ի ահաբեկչությամբ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում․ - « Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ հետագա բանակցությունների վիժեցում ու նոր ռազմական սադրանքի համար անհրաժեշտ ֆոնի ստեղծում։ Ստեղծել կեղծ ապացույցներ, թե Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ զենք-զինամթերք է տեղափոխվում։
 
Արյունոտ ահաբեկչությամբ ձևավորել նոր խոսույթներ, տեղեկատվական նորանոր հոսքեր, որոնք կծածկեն կարևորագույն մի փաստ՝ այն, որ Ադրբեջանը բացահայտ կերպով չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը