Կարմրուկի դեպքերը դեռ կավելանան. ՀՀ–ում կարող են տարածվել նաև կարմրախտն ու խոզուկը


Կարմրուկի դեպքերը դեռ կավելանան. ՀՀ–ում կարող են տարածվել նաև կարմրախտն ու խոզուկը

  • 10-03-2023 15:40:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՀՀ պատվաստումների ազգային օրացույցում կարմրուկի դեմ պատվաստումը նախատեսված է երկու անգամ` 1 և 6 տարեկանում։ Երկու դեղաչափից հետո վարակի նկատմամբ ձևավորվում է մինչև 99 տոկոս իմունիտետ։ Բայց տարիքի հետ այն կարող է թուլանալ, ու մարդը դարձյալ խոցելի կդառնա վարակի համար։
 
ՀՀ առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ-ինֆեկցիոնիստ Էլմիրա Իսախանյանը կարծում է, որ Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվը զգալի կմեծանա։
 
«Իրականում ինձ թվում է` ավելի մեծ ցուցանիշներ ենք ունենալու։ Պետք է դրան պատրաստ լինենք, անհանգստանանք, քանի որ դա օդակաթիլային ճանապարհով տարածվող վարակ է, որի տարածումն ավելի արագ է տեղի ունենում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մասնագետը` պարզաբանելով, թե ինչու է կարմրուկի պատվաստման պրակտիկա ունեցող Հայաստանում վարակը մեծ տարածում ստացել և ովքեր են ռիսկի խմբում։
 
Հայաստանում կարմրուկով վարակվածների տարիքային կազմը բազմազան է` կան մեծահասակներ, մինչև 1 և 1-6 տարեկաններ ու դպրոցական տարիքի երեխաներ։ Բոլորին միավորում է մեկ ընդհանրություն` նրանք կա՛մ կարմրուկի դեմ ընդհանրապես պատվաստված չեն, կա՛մ ստացել են ոչ լիարժեք պատվաստում (1 դեղաչափ)։
 
«Մենք ունեինք 2 տարեկան երեխա, որի ծնողը հիվանդանոց ընդունվելուց ասաց, որ իր երեխան մեկ պատվաստում ստացել է, հետո զանգահարեց իրենց տեղամասային բժշկին, որը, նայելով պոլիկլինիկայի քարտը, ասաց, որ նրանք բաց են թողել պատվաստումը, որովհետև հիվանդ են եղել»,– ասաց Իսախանյանը։
 
Բանն այն է, որ մեր երկրում պատվաստումները կամավոր են, և ծնողն ինքն է որոշում` պատվաստել երեխային, թե ոչ, եթե նույնիսկ երեխան տվյալ պատվաստման դեմ որևէ հակացուցում չունի։ Արդյունքում շատ ծնողներ ուղղակի հրաժարվում են պատվաստումներից` իրենց երեխաներին խոցելի դարձնելով տարբեր վարակների նկատմամբ։
 
ՀՀ պատվաստումների ազգային օրացույցում կարմրուկի դեմ պատվաստումը նախատեսված է երկու անգամ` 1 և 6 տարեկանում։ Երկու դեղաչափից հետո վարակի նկատմամբ ձևավորվում է մինչև 99 տոկոս իմունիտետ։
 
18 տարեկանից բարձր մեծահասակները խոցելի են հիվանդության նկատմամբ, քանի որ հայտնի չէ, թե նրանց օրգանիզմում քանի տոկոսանոց իմունիտետ է պահպանվել մանկական պատվաստումներից հետո։ Հետևաբար բժիշկները հորդորում են ևս մեկ չափաբաժին ստանալ վարակից պաշտպանվելու համար։
 
Ի դեպ, Հայաստանում ու նաև աշխարհի շատ երկրներում կարմրուկի դեմ առանձին պատվաստում չի արվում։ Պատվաստումը կոչվում է ԿԿԽ և կոչված է պայքարելու միանգամից 3 հիվանդության դեմ` կարմրուկի, կարմրախտի ու խոզուկի։ Իսկ դա նշանակում է, որ կարմրուկի վարակից բացի, մեր երկիրը նույնքան խոցելի է նաև մյուս երկու վարակների նկատմամբ։
 
Առողջապահության նախարարությունը մարտի 9-ին Երևանում բացել է կարմրուկի դեմ պատվաստման առաջին շարժական կետը։ Մեր զրուցակցի խոսքով` այն նախատեսված է հիմնականում մարզերի այն բնակիչների համար, որոնք հնարավորություն չունեն դիմելու իրենց պոլիկլինիկաներ, նաև Հայաստանում գտնվող օտարերկրացիների համար, որոնք վարակից ապահովագրվելու ցանկություն կունենան։
 
Հիշեցնենք` մարտի 3-ին առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ Հայաստանում արձանագրվել է կարմրուկի 11 դեպք։ 1 շաբաթ անց հիվանդության լաբորատոր հաստատված դեպքերի թիվն աճել է ավելի քան 4 անգամ։ Այսօր առավոտյան ժամը 10։00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 46-ի։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը