Քաղաքացիներն ականջալուր են. կարմրուկի դեմ պատվաստողների թիվը նկատելի ավելացել է


Քաղաքացիներն ականջալուր են. կարմրուկի դեմ պատվաստողների թիվը նկատելի ավելացել է

  • 10-03-2023 15:23:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանում կարմրուկի տարածմամբ պայմանավորված պատվաստումների նկատելի ակտիվություն է գրանցվել:  «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱՆ  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն, «Իմունոկանխարգելման ազգային ծրագրի» ղեկավար Գայանե Սահակյանը:
 
Ըստ բանախոսի՝ շատ քաղաքացիներ ականջալուր են ՀՀ առողջապահության նախարարության հորդորներին և շտապում են լրացնել պատվաստումային բացը:
 
«Վերջին տվյալների համաձայն՝ մարտի 4-ից հետո (խմբ.-երբ գրանցվեց կարմրուկի այս տարվա առաջին դեպքը) ունենք 3 հազարից ավելի պատվաստում: Պատվաստվողները ներկայացնում են տարբեր տարիքային խմբեր՝ երեխաներ, մեծահասակներ: Պատվաստվել են նաև 300-ից ավելի բուժաշխատողներ, մոտ 300 սերտ կոնտակտավորներ: Տեսնում ենք, որ պատվաստման պահանաջարկը բարձր է, իրոք քաղաքացիները դիմում են պատվաստվելու: Ասեմ, որ անհրաժեշտ քանակի պատվաստանյութերով ապահովված ենք»,-ասաց Գայանե Սահակյանը:
 
Հայաստանում մարտի 4-ից հետո գրանցված դեպքերը հիմնականում Երևանում են, սակայն մարզերում ևս արձանագրվել են որոշ դեպքեր: Բոլոր դեպքերը համաճարակաբանորեն կապված են նույն օջախի հետ: 46 վարակվածներից 43-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով:
 
«Լաբորատոր հետազոտություններով տեսնում ենք, որ աստիճանաբար նոր դեպքերը նվազում են, այսինքն՝ կարողանում ենք վերահսկել գործընթացը: Հավանականությունը մեծ է, որ կտեղայնացնենք օջախը: Հայաստանում պատվաստումային մակարդակը բարձ է, ինչը մեզ հնարավորություն է տալիս ավելի վերահսկելի դարձնել նման բերովի դեպքերով պայմանավորված բռնկումները»,-ասաց Գայանե Սահակյանը:
 
Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, մեծահասկաների մոտ այն բավական ծանր է ընթանում: Մեկ վարակված անձը կարող է վարակել 18-20 մարդու: Սա է պատճառը, որ բավական արագ գտնում է այն անձանց, որոնք պատվաստված չեն:
 
Մասնագետը վստահեցնում է, որ եթե քաղաքացին 2 դեղաչափ ստացել է, ապա չի հիվանդանա: Եթե մարդը ամեն դեպքում վարակվել է բնական ճանապարհով, ապա ապաքինվելուց հետո միևնույն է, վիրուսը մնում է օգրանիզում, այն չի հեռանում:
 
Տարիներ անց բավական նպաստավոր գործոնի պարագայում կարող է նորից գլուխ բարձրացնել: Յոթ տարի հետ մարդու մոտ կարող է առաջանալ բարդություն:
 
Գայանե Սահակյանի խոսքով՝ իրենց ուշադրության կենտրոնում են մինչև 18 տարեկանները: Այս տարիքային խումբն առաջնահերթություն է: Հանձնարարական է տրված դպրոցներին, պոլիկլինիկաներին վերհանել այն երեխաների գործերը, որոնք կամ ընդհանրապես չեն պատվաստվել, կամ չեն ստացել 2-րդ դեղաչափը: Բժիշկները կապ են հաստատում ծնողների հետ և հորդորում՝ պատվաստվել:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը