Մահացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Զավեն Վարդանյանը


Մահացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Զավեն Վարդանյանը

  • 10-03-2023 15:33:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ԿԳՄՍ նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ 2023 թ. մարտի 9-ին 78 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր, «Մենակատարներ»  անսամբլի հիմնադիր Զավեն Վարդանյանը: 
 
Զավեն Նազարեթի Վարդանյանը ծնվել է 1945 թ. հունվարի 15-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: 1947թ. տեղափոխվել է Հայաստան: 
 
1974 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական ֆակուլտետը: 1975թ. սկսել է դիրիժորի կարիերան, հիմնել և ղեկավարել է «Մենակատարներ» անսամբլը:
 
1979-90 թթ եղել է Երևանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Նրա գլխավորությամբ իրականացել են հայաստանյան բազմաթիվ փառատոններ ու մրցույթներ, և նրա մեկնաբանմամբ հայաստանցի ունկնդիրն առաջին անգամ ծանոթացել է Ստրավինսկու, Շնիտկեի, Վարեզի, Հենցի, Այվզի, Կոկկոնենի, Նորդգրենի և կոմպոզիտորական արվեստի համաշխարհային դասական այլ հեղինակների գործերին: 
 
1992-2010 թթ. դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 
 
1994-2000 թթ եղել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատորնի դիրիժոր:
 
Որպես հրավիրյալ դիրիժոր՝ հանդես է եկել Ռուսաստանում, եվրոպական մի շարք երկրներում, ԱՄՆ-ում: 
 
2003-2007 թթ. Էկվադորի կառավարության հրավերով աշխատել է տեղի համալսարանում և ղեկավարել այդ երկրի բոլոր 4 սիմֆոնիկ նվագախմբերը: 
 
Պարգևատրվել է մի շարք մեդալներով, պարգևներով: 
 
2009թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:
 
ԿԳՄՍ նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում վաստակաշատ դիրիժորի ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին, նրա արվեստը գնահատողներին: Հանդիսատեսի հիշողության մեջ նա կմնա իբրև բարձրաճաշակ երաժիշտ և իր գործի եզակի գիտակ:
 
Զավեն Վարդանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում՝ մարտի 11-ին՝ ժամը 17:30-20:00-ին:
 
Վերջին հրաժեշտը տեղի կունենա մարտի 12-ին՝ ժամը 11:00-13:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տնից:
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն