Ստեփանակերտը պատրաստ է հանդիպման, բայց` ոչ Բաքվում և ոչ Ադրբեջանի օրակարգով

Ստեփանակերտը պատրաստ է հանդիպման, բայց` ոչ Բաքվում և ոչ Ադրբեջանի օրակարգով

  • 14-03-2023 10:41:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Պաշտոնական Ստեփանակերտը հայտարարում է, թե Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումները կարող են տեղի ունենալ ռուս խաղաղապահների միջնորդությամբ և այնտեղ, որտեղ նախորդ հանդիպումն էր անցել: Մարտի 1֊ին կողմերը հանդիպել էին Իվանյանում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի շտաբում:
 
Ղարաբաղի արտգործնախարարությունը նաև պնդել է, թե օրակարգում պետք է լինեն հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցեր` «առանց դրանց անհարկի քաղաքականացման»:
 
Ադրբեջանի իշխանությունները, մինչդեռ, այսօր ավելի վաղ Արցախի ներկայացուցիչներին հրավիրել էին Բաքու՝ վերաինտեգրման շուրջ «հերթական քննարկման»:
 
Ղարաբաղի արտգործնախարարությունն արձագանքել է, թե հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցությունները պետք է տեղի ունենան միջազգայնորեն ճանաչված և հաստատված ձևաչափով՝ «կողմերի հավասար իրավունքների և ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային երաշխիքների առկայության պայմաններում»:
 
Ադրբեջանական հրավերին այսօր արձագանքել են նաև Ղարաբաղի խորհրդարանական ուժերը, պնդելով, թե «Արցախի շրջափակման, խաղաղ բնակչության ահաբեկման ու ոստիկաններին գնդակահարելու» պայմաններում ուղիղ երկխոսության մասին խոսակցությունները անընդունելի են համարում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը