Նեդ Փրայսը իր վերջին ճեպազրույցում ևս անդրադարձավ Հարավային Կովկասի իրավիճակին


Նեդ Փրայսը իր վերջին ճեպազրույցում ևս անդրադարձավ Հարավային Կովկասի իրավիճակին

  • 14-03-2023 14:22:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, ամենօրյա ճեպազրույցում պատասխանելով Ադրբեջանի սահմանի երկայնքով Իրանի ռազմական օդանավի թռիչքի վերաբերյալ «Թուրան» գործակալության հարցին, ասել է, որ ԱՄՆ-ն անհանգստությամբ է հետևում լարվածությանը։
 
«Իրանը երկար ժամանակ վնասակար խաղացող է տարածաշրջանում։ Նրա չարամիտ ակտիվությունը սպառնում է մոտիկ և հեռու հարևաններին։ Մենք անհանգստությամբ ենք հետևում նման տեսակի լարվածությանը», - հայտարարել է Փրայսը և անցնելով Հարավային Կովկասի տարածաշրջանին՝ նշել․ - «Մեր մոտեցումը ներդրում կատարելն է Ադրբեջանի ու Հայաստանի հետ փոխգործակցությունում, որպեսզի Հարավային Կովկասը լինի ավելի կայուն, սակավ հակված հակամարտությունների և լարվածության»։
 
Երկուշաբթի օրվա ճեպազրույցը Նեդ Փրայսի համար վերջինն էր Պետդեպարտամենտի խոսնակի պաշտոնում։ Նա աշխատեց ավելի քան երկու տարի, նրա առաջին ճեպազրույցը տեղի է ունեցել 2021-ի փետրվարի սկզբին։
 
Անցած շաբաթավերջին Իրանի ռազմաօդային ուժերի օդանավը թռիչք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի երկայնքով։ Շաբաթ օրը Բաքվում Իրանի դեսպանը կանչվել էր Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոք էր հայտնվել, ըստ Բաքի ձևակերպման՝ այդ «սադրիչ և ոչ բարեկամական» թռիչքի կապակցությամբ։
 
Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին երեկվա ճեպազրույցում ասել է, որ Ադրբեջանի սահմանի մոտ իրանական ռազմական օդանավի թռիչքը սովորական երևույթ էր։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play