ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս


ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս

  • 14-03-2023 14:51:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik.  Գորիսում Անդերս Ֆոգ Ռասմուսենը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին, ովքեր չեն կարողանում վերադառնալ։
 
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որն արդեն երեք ամիս է՝ փակ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը։
 
«Նա Գորիսում նաև հանդիպել է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին, ովքեր չեն կարողանում վերադառնալ»,–գրել է ՊՈԱԿ–ի տնօրենը։
 
Նշենք, որ այս օրերին Հայաստանում են գտնվում ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը և նրա ղեկավարած «Ռասմուսեն Գլոբալ» կազմակերպության ներկայացուցիչները։ Նրանց ընդունել են ՀՀ վարչապետը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
 
Փաշինյանը և Ռասմուսենը հանդիպել էին նաև փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։
 
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
 
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
 
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը