«Փոխանակ սելը ճռա, սելվորն է ճռում». Փաշինյանի արձագանքը՝ ադրբեջանցի փախստականներին Հայաստան վերադարձնելու նրանց ծրագրին


«Փոխանակ սելը ճռա, սելվորն է ճռում». Փաշինյանի արձագանքը՝ ադրբեջանցի փախստականներին Հայաստան վերադարձնելու նրանց ծրագրին

  • 14-03-2023 15:05:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 14-ին հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանը, այսպես կոչված ադրբեջանցի փախստականներին իբր թե Հայաստան վերադարձնելու մասին՝ ընդգծելով, որ Ադրբեջանն ագրեսիայի քաղաքականության նոր փուլ է սկսել: 
 
«Դա հերթական ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ: Իրականում, եթե շատ անկեղծ լինենք, Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի փակուղի մտնելը հենց այդ պատճառով է տեղի ունեցել, որովհետև ակնհայտ է եղել, որ այս ագրեսիվ գործողություններից հրաժարվելու մտադրություն Ադրբեջանը չունի ոչ մի պարագայում: Եվ դա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ապօրինի և ակնհայտ ոտնձգություն է, որը հակասում է Պրահայի և Սոչիի պայմանավորվածություններին և հայտարարություններին:
 
Այսինքն, Ադրբեջանն ագրեսիայի քաղաքականության նոր փուլ է սկսել»,- ասաց Փաշինյանը:
 
Նա հիշեցրեց, որ շատ հաճախ 44-օրյա պատերազմի հետևանքով Հադրութից բռնագաղթած ժողովուրդը Հայաստանի կառավարության դիմաց ցույցեր են անում և այդ մարդիկ ճիշտ են անում, որովհետև, օրինակ, եռակողմ հայտարարության դրույթներից մեկն այն մասին է, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հովանու ներքո:
 
«Մինչև այսօր Հադրութի ժողովրդին ոչ մեկ չի առաջարկել վերադառնալ իրենց տներ, և դա եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է Ադրբեջանի կողմից: Մենք այս հարցն անընդհատ բարձրացրել ենք և շարունակելու ենք բարձրացնել: Նույնը, այո, Շուշիից բռնի տեղահանված հայությունը: Ավելին ասեմ՝ նաև հայաթափված Նախիջևանի ներկայացուցիչները իրենք են հարցեր բարձրացնում ՀՀ կառավարության առաջ ու ասում են, որ ՀՀ կառավարությունը խոչընդոտում է, որ իրենք իրենց իրավունքները պաշտպանեն: Գիտեք Նախիջևանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ինչ մեծ արշավ է եղել: Դեռ 19-րդ դարից սկսած՝ հետևողականորեն հայաթափվել է Նախիջևանը, մինչև Սովետական Միությունը մի հայ չի մնացել այնտեղ: Դուք գիտեք Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբաթի, Շահումյանի Գետաշենի հայության տեղահանման մասին, և ՀՀ կառավարությունը, մենք երբեք չենք խոչընդոտել, որ նրանք իրենց իրավունքները հետապնդեն, որովհետև հարյուր հազարավոր մարդկանց մասին է խոսքը: Չենք էլ քաջալերել, հավանաբար, դա նաև մեր սխալն է եղել, բայց չենք էլ խոչընդոտել»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:
 
Վարչապետը շեշտադրեց այն հանգամանքը, որ Հայաստանից ադրբեջանցիների բռնի տեղահանման դեպքեր ընդհանրապես չեն գրանցվել:
 
«Մեր արխիվներում պահպանված են փաստաթղթեր, որ Սովետական Հայաստանի կառավարությունը աստղաբաշխական թվերով փոխհատուցումներ է վճարել ադրբեջանցիներին: Այսինքն, նրանք, ըստ էության, իրենց կամքով որոշել են գնալ, նաև պայմանավորված ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակով, բայց Հայաստանում ադրբեջանցիների կոտորածներ չեն եղել: Իսկ Բաքվում, Սումգայիթում եղել են հայերի կոտորածներ, Շահումյանի շրջանի մասին գիտեք: Ես նախորդ օրը պատահական Հայաստանի գյուղերից մեկն էի այցելել, և պարզվեց, որ գյուղի բնակիչները 100 տոկոսով փախստականներ են Ադրբեջանից, որոնց բռնի տեղահանել են, նրանք այդ պահին ինչ հասցրել են, դա են կարողացել հետները բերել Հայաստան: Սա այն դեպքերից մեկն է, երբ ասում են «փոխանակ սելը ճռա, սելվորն է ճռում»»,- նշեց Փաշինյանը:
 
Նա կարծիք հայտնեց, որ Նախիջևանի, Շահումյանի, Հադրութի, Շուշիի, Կիրովաբաթի, Շամխորի, Բաքվի, Սումգայիթի հայերը և էլի շատ շրջանների հայեր, որոնք հազարամյակներով են ապրել այդ տարածքներում, իրենց իրավունքները հետապնդելու, այդ թվում՝ փոխհատուցումներ պահանջելու իրավունք ունեն:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը