ՀՀ Աժ պատգամավորներ Արմեն Ռուստամյանը և Իշխան Սաղաթելյանը հանդիպել են «Արդար Ռուսաստանը՝ հանուն ճշմարտության» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովի հետ

ՀՀ Աժ պատգամավորներ Արմեն Ռուստամյանը և Իշխան Սաղաթելյանը հանդիպել են «Արդար Ռուսաստանը՝ հանուն ճշմարտության» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովի հետ

  • 15-03-2023 11:04:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ Աժ պատգամավորներ, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպել են «Արդար Ռուսաստանը՝ հանուն ճշմարտության» կուսակցության նախագահ, Պետդումայում կուսակցության խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի հետ: 
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, Լաչինի միջանցքի շրջափակմանը, Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, ընդգծվել է Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցային հարաբերությունների պահպանման և զարգացման անհրաժեշտությունը։
 
Ողջունելով հյուրերին՝ Սերգեյ Միրոնովը նախ հիշատակել է  2022 թվականի նոյեմբերի 29-ին կայացած հանդիպումը՝  բարձր գնահատելով «Արդար Ռուսաստանը՝ հանուն ճշարտության» և «ՀՅ Դաշնակցություն» կուսակցությունների համագործակցությունը` 2007 թ. ստորագրված համագործակցության պայմանագրի  շրջանակներում:
 
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Արմեն Ռուստամյանն անդրադարձել է Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ Լաչինի միջանցքի փակումից երեք ամիս անց Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է, և այժմ  շատ կարևոր է Ռուսաստանի և ռուս խաղաղապահների դիրքորոշումը։ 
 
Արմեն Ռուստամյանը հավելել է, որ Արցախի  Հանրապետության ժողովուրդը Ռուսաստանի Դաշնությունից ակնալում է ավելի ակտիվ գործողություններ։ 
 
Հանդիպման ավարտին Սերգեյ Միրոնովը հույս է հայտնել, որ ի վերջո կհաղթի ողջախոհությունը, ձեռք կբերվեն որոշակի պայմանավորվածություններ, կլուծվեն հայ բնակչության անվտանգության խնդիրները, որի երաշխավորը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը։
 
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն