Ադրբեջանական կեղծիքի բացահայտման հավանականությունն ամենաբարձրն է. Հայկական եւ իրանական կողմերի ուղղությամբ իրավիճակը լարելու Բաքվի գործողությունները


Ադրբեջանական կեղծիքի բացահայտման հավանականությունն ամենաբարձրն է. Հայկական եւ իրանական կողմերի ուղղությամբ իրավիճակը լարելու Բաքվի գործողությունները

  • 15-03-2023 15:59:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանի Հանրապետություն օրաթերթ. Վերջին շաբաթվա ընթացքում Իրանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը բարձրացել է նոր մակարդակի: Նախ՝ իսրայելական «Haaretz» թերթը մարտի 9-ին լուր հրապարակեց, թե Ադրբեջանն օդանավակայան է նախապատրաստել Իսրայելին աջակցելու համար, եթե վերջինս որոշի հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, ինչպես նաեւ Իսրայելի հետախուզությանը թույլատրել է ներկայացուցչություն բացել՝ Թեհրանին վերահսկելու համար: Հրապարակման հաջորդ օրը Իսրայելում Ադրբեջանի դեսպանը ստիպված էր նույն իսրայելական «The Jerusalem Post»-ի հետ զրույցում հերքել վերոհիշյալ հրապարակման մեջ եղած տեղեկատվությունը՝ հայտարարելով, թե այն սուտ է: Իսրայելական «Haaretz» թերթը մի քանի օդանավակայան էր ներկայացրել, որոնցից մեկը Կովսականի նորակառույց ռազմական օդանավակայանն էր:
 
Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանի օպերատիվ հերքումից մեկ օր անց Իրանի օդուժի ինքնաթիռը թռիչքներ իրականացրեց Կովսականի այդ հատվածում՝ նաեւ երկրների միջեւ սահման համարվող Արաքս գետի վրայով: Նույն օրը Ադրբեջանի ԱԳ եւ պաշտպանության նախարարությունները համատեղ հաղորդագրություն տարածեցին իրանական ինքնաթիռի թռիչքի վերաբերյալ եւ տեղեկացրին, թե Բաքվում Իրանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ, եւ նրան բողոքի նոտա է հանձնվել: Իրանա-ադրբեջանական հարաբերություններում լարումը մեծանում է Արցախի Հանրապետության շփման գծում արձանագրվող վերջին իրադարձությունների ֆոնին, երբ Շուշիի հատվածում դիվերսիա իրականացնելուց հետո Ադրբեջանը վերսկսեց իր հին գործելաոճը՝ ապատեղակատվություն տարածելով, իբր, Հայաստանից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ռազմական շարասյուն Արցախ ուղարկելու մասին, ինչին հետեւեցին շաբլոն կեղծիքները, թե Արցախի եւ Հայաստանի զինված ուժերը խախտել են հրադադարը երկու հանրապետությունների սահմաններին: Նման քայլեր Ադրբեջանը կատարում է այն ժամանակ, երբ հերթական սադրիչ ռազմական գործողությունն է նախապատրաստում:
 
Արդեն տեղեկություններ են տարածվում, թե Ադրբեջանը զորքեր է կուտակում Արցախի շփման գծի այն հատվածներում, որոնք մոտ են նաեւ Իրանի սահմաններին: ՀՀ վարչապետը նույնպես երեկվա ասուլիսում մի քանի անգամ հայտարարեց, թե սահմանին իրավիճակի ապակայունացման վտանգը մեծ է: Նա նաեւ տեղեկացրեց, որ Բաքուն միջազգային հարթակներում իր ագրեսիան ներկայացնում է որպես հայկական կողմերի գործողություններին պատասխան քայլ, բայց միեւնույն ժամանակ մերժել է այդ կեղծիքը բացահայտելու նպատակով տարածաշրջան դիտորդական առաքելություն հրավիրելու Հայաստանի առաջարկը: Նիկոլ Փաշինյանը նաեւ հույս հայտնեց, որ ադրբեջանական այդ կեղծիքի դեմ որպես հակազդման միջոց Արցախում կդառնա ռուսական խաղաղապահ զորակազմը, իսկ Հայաստանում՝ ԵՄ դիտորդական առաքելությունը: Վերեւում ներկայացված իրադարձությունների համադրությունից կարելի է ենթադրել, որ Բաքուն փորձում է լարել հարաբերությունները ոչ միայն հայկական, այլեւ Իրանի ուղղությամբ, եւ հավանականությունը մեծ է, որ դա արվում է տարածաշրջանում միջազգայնորեն ընդունված եւ պատմական սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին Իրանի բազմաթիվ հայտարարություններին ի պատասխան: Տարածաշրջանում իրադարձությունների զարգացման վատատեսական կանխատեսումների հաստատման դեպքում ադրբեջանական կեղծիքը կարձանագրվի Հայաստանում գտնվող ԵՄ դիտորդների կողմից, ինչը չի կարող հետեւանքներ չունենալ պաշտոնական Ադրբեջանի համար: Մյուս կողմից էլ այն կնշանակի, որ հերթական անգամ պաշտոնական Բաքուն «թքած կունենա» միջազգային կառույցների եւ միջնորդ երկրների՝ հրադադարը պահպանելու հորդորների վրա, ինչն անխուսափելիորեն առաջին պլան է մղելու Ադրբեջանի դեմ պատժամիջոցների գործիքի կիրառման անհրաժեշտությունը:
 
Արմեն Վարդանյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play