ՌԴ-ն ստանձնել է ԼՂ ժողովրդի և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերակատարումը. Փաշինյան


ՌԴ-ն ստանձնել է ԼՂ ժողովրդի և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերակատարումը. Փաշինյան

  • 16-03-2023 12:38:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ՌԴ Դաշնային խորհուրդը 2020 թվականի նոյեմբերի 18-ին ընդունել է որոշում Լեռնային Ղարաբաղ ՌԴ ԶՈՒ խաղաղապահ զորախումբ գործուղելու մասին:
 
«Այդ կապակցությամբ Դաշնային խորհրդին ուղղված դիմում-նամակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ զորախումբ ուղարկելու մի քանի նպատակ է հիշատակել՝ «Հայկական և ադրբեջանական կողմերից հրադադարի պահպանման և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածության պահպանման, ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային զոհերից և քաղաքացիական օբյեկտների էական վնասից խուսափելու համար իմ կողմից որոշում է  կայացվել անհապաղ ԼՂ բանակային զորախումբ ուղարկելու մասին»»,- ՌԴ նախագահի՝ Դաշնային խորհրդին ուղղված նամակից հատված մեջբերեց Փաշինյանը:
 
Դաշնային խորհուրդը, Փաշինյանի խոսքով, նույն ձևակերպումները ներառել է նոյեմբերի 18-ին ընդունված որոշման մեջ:
 
«Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ՌԴ-ն պաշտոնապես արձանագրել է ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանության հավանականությունը և ստանձնել է ԼՂ ժողովրդի և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերակատարումը:
 
Հույս ունենք, որ ՌԴ-ն վերը նշված գործառույթը կկատարի լիարժեք: Բայց եթե մեր բարեկամ և դաշնակից ՌԴ-ն որևէ օբյեկտիվ պատճառով չի կարող այդ դերակատարումն իրականացնել, հենց ինքը, կարծում եմ, պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ՝ ահազանգելով ԼՂ-ում քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունների և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման վտանգի և սա թույլ չտալու համար ԼՂ-ում և Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանիզմներ գործարկելու անհրաժեշտության մասին:
 
Ընդ որում՝ ես որևէ կանխավարկած չունեմ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ:
 
Պարզապես վերջին՝ ավելի քան 2 տարում տեղի ունեցած իրադարձությունների շարքը, ինչպես օրինակ՝ Խծաբերդի, Հին Թաղերի օկուպացիան, Փառուխի դեպքերը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ոստիկանության աշխատողների և քաղաքացիական անձանց սպանությունները, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները, քաղաքացիական բնակչությանը ահաբեկելուն ուղղված գործողությունները անհանգստացնում են»,- ասաց նա:
 
Միևնույն ժամանակ Փաշինյանը նշեց ՌԴ խաղաղապահ զորախմբի առանձնահատուկ դերը, վաստակը այն բանում, որ ԼՂ-ում դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի ապօրինի փակման պատճառով ծայր առած հումանիտար ճգնաժամը հումանիտար աղետի չի վերածվել:
 
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ նպատակին ուղղված ջանքերի համար»,- ասաց նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը