Տրանսպորտի խնդիրն էականորեն կլուծվի, երբ նոր 237 ավտոբուսները մտնեն ցանց. Տիգրան Ավինյան


Տրանսպորտի խնդիրն էականորեն կլուծվի, երբ նոր 237 ավտոբուսները մտնեն ցանց. Տիգրան Ավինյան

  • 16-03-2023 14:54:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Կառավարությունը թույլատրեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին՝ օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
 
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ ծրագիրն ուղղված է լինելու մայրաքաղաքի բնակչության կանոնավոր ուղևորափոխադրումների ապահովման լավացմանը:
 
«Ծրագրի իրականացումը հնարավորություն կստեղծի ապահովել մայրաքաղաքի գործող երթուղիների ավտոպարկի թարմացումը և նոր երթուղիների ձևավորման համար բարձրացնել մայրաքաղաքի բնակչության՝ հյուրերին և զբոսաշրջիներին մատուցվող ծառայությունների որակը»,- ասաց Քերոբյանը: 
 
Նրա խոսքով՝ ծրագրի իրականացման արդյունքում ավտոպարկի թարմացումը կապահովի անվտանգ երթևեկություն, ինչպես նաև կկրճատի խցանումների առաջացումը՝ պայմանավորված մարդատար ավտոմեքենաների քանակով և ավտոբուսների անսարքություններով:
 
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներկրել 150 Zhontong Bus Euro 5 բնապահպանական ստանդարտի ավտոբուսներ, որոնք համապատասխանում են այնպիսի պահանջների, որոնք կարող են Երևանի կլիմայական և ռելիեֆային պայմանններում արդյունավետ շահագործվել, իսկ EURO 5 շարժիչների առկայությունը կնպաստի մայրաքաղաքի էկոլոգիական միջավայրի բարելամանը՝ մասնավորապես ունենալով վնասակար նյութերի ավելի ցածր արտանետման համակարգ:
 
«Նախատեսվում է ներմուծել 6,6 մլրդ դրամի ավտոբուսներ և դրանց պահեստամասեր և ստեղծել 492 նոր աշխատատեղ մինչև 317 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:
 
«87 MAN ավտոբուսներն ամբողջ ծավալով ներկրված են, Երևանում են, և արդեն տևական ժամանակ են այստեղ, ինչպես նաև 150 Zhontong ավտոբուսները: Ես ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից, որովհետև ակնկալվում էր, որ մարտի 1-ից 237 նոր ավտոբուս՝ 87 MAN 12 մետրանոց և 150 Zhontong, կկարողանան տեսնել Երևան քաղաքում։
 
Ցավոք սրտի, դա տեղի չի ունեցել, մեր մեղավորությունն է, մեր պատասխանատվությունն է, և ես դրա համար ներողություն եմ խնդրում: Ինչ վերաբերում է արդեն բուն ավտոբուսների երթուղի մտնելուն, մենք մոտավորապես 30 օրվա ընթացքում կարող ենք ունենալ, զուգահեռ անցկացնում ենք մրցույթները. որոշակի գործընթաց կա, որ մենք արդեն սկսել ենք իրականացնել:
 
Եթե այսօր շրջենք Երևանով և երևանցիներին հարցնենք՝ ինչպես է տրանսպորտային վիճակը Երևանում, բոլորը կասեն, որ վատթարացել է, որովհետև հին «ԳԱԶելները», իհարկե, շատ վատ էին, բայց քանակապես ավելի շատ էին, այսօրվա ավտոբուսների քանակը բավարար չէ Երևանի ամբողջ տրանսպորտային ցանցի սպասարկման համար: Էականորեն խնդիրը լուծվում է, երբ այս նոր 237 ավտոբուսները մտնում են ցանց: Ավելացնեմ, որ մենք ունենք HIGER չինական ավտոբուսներ, որոնք վերանորոգվում են և նույնպես մտնելու են ցանց: Խնդիրն էականորեն մեղմվելու է, բայց սա դեռ համակարգային լուծումը չէ»,- ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
 
Նա տեղեկացրեց, որ այս տարվանից կա հաղթող միասնական տոմսային համակարգի ներդրման համար. այդ համակարգը ներդրվելու է և՛ ավտոբուսներում, և՛ մետրոյում: Ավտոբուսների և մետրոյի ցանցի աշխատանքը համադրվելու է իրար հետ և բերվելու է մեկ տրամաբանության:
 
«Ավտոբուսների առանձնացված գծեր ենք սկսելու ունենալ, ամենայն հավանականությամբ, այս տարվանից, որը առավելություն է տալու մարդկանց, ովքեր օգտվելու են ավտոբուսից: Որովհետև ավտոբուսը խցանումների մեջ չի լինելու, և մեր նպատակն է հնարավորինս բոլորին մղել դեպի հանրային տրանսպորտ, որպեսզի մեր քաղաքի խցանումների ծավալը նույնպես նվազեցնենք:
 
Նոր կանգառասրահներ ենք տեղադրելու և ամենակարևորը ունենալու ենք կառավարման համակարգ, որը, կարծում եմ, այս տարի ամբողջական չենք հասցնի ավարտել: Կանգառասրահներում մարդիկ հստակ իմանալու են, թե որ ավտոբուսը որ ժամին է լինելու տվյալ կանգառում, և կարողանալու են պլանավորել իրենց երթուղին»,- ասաց Ավինյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը