Հաագայի միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինի ձերբակալության օրդեր է տվել


Հաագայի միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինի ձերբակալության օրդեր է տվել

  • 17-03-2023 19:56:06   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

hetq.am Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության միջազգային օրդեր է տվել։ Այդ մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով դատարանի տարածած հաղորդագրությանը։ Բացի այդ, Դատարանը նաև Ռուսաստանի նախագահի երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդեր է տվել։
 
«Այսօր` 2023 թվականի մարտի 17-ին, Միջազգային քրեական դատարանի մինչդատական վարույթի երկրորդ պալատը Ուկրաինայում առկա իրավիճակի համատեքստում երկու անձի՝ պարոն Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի և տիկին Մարիա Ալեքսեևնա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդերներ է տվել»,- ասված է Դատարանի տարածած հաղորդագրության մեջ։
 
Միջազգային քրեական դատարանը նշում է, որ Պուտինը և Լվովա-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի տեղահանման մեջ։ Ըստ Դատարանի՝ կան «խելամիտ հիմքեր» պնդելու, որ Պուտինն անձնական պատասխանատվություն է կրում այդ որոշման համար։
 
Նախօրեին՝ մարտի 17-ին, այն մասին, որ դեպի Ռուսաստանի տարածք ուկրաինացի երեխաների տեղահանումը կարող է համարվել ռազմական հանցագործություն, հայտարարել էր նաև ՄԱԿ-ի քննչական հանձնաժողովը։
 
Դեռ մարտի 13-ին The New York Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ առաջիկայում Միջազգային քրեական դատարանը երկու գործ կբացի ռուսաստանցի պաշտոնատար անձանց նկատմամբ՝ Ուկրաինայում ենթադրյալ հանցագործությունների պատճառով։ Դրանցից մեկը, ըստ պարբերականի, վերաբերվելու էր ուկրաինացի երեխաների տեղահանմանը, իսկ երկրորդը՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված դիտավորյալ հարվածներին։ 
 
Կրեմլում այս ֆոնին հայտարարել էին, որ Ռուսաստանը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը։
 
Լուրը թարմացվում է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play