Ինչ են քննարկելու Պուտինն ու Սի Ծինփինը․ ISW


Ինչ են քննարկելու Պուտինն ու Սի Ծինփինը․ ISW

  • 18-03-2023 10:54:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) իր ամենօրյա զեկույցում վերլուծում է մարտի 20-22-ը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի այցը Մոսկվա։ Կրեմլը հայտնել է, որ Պուտինն ու Սի Ծինփինը ծրագրում են ստորագրել փաստաթղթեր և քննարկել Ռուսաստանի և Չինաստանի միջև «համապարփակ գործընկերության» արդիական հարցերը։
 
ISW զեկույցում ասվում է, որ չինական ընկերությունները, ըստ տեղեկությունների, ռուսական կառույցներին անօդաչու թռչող սարքերի պահեստամասեր և սարքավորումներ են վաճառել, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով: Վերլուծաբանները կարծում են, որ Սին, ամենայն հավանականությամբ, ծրագրում է Պուտինի և ռուս այլ պաշտոնյաների հետ քննարկել պատժամիջոցների շրջանցման սխեմաները՝ Ռուսաստանին չինական սարքավորումների մատակարարումն ապահովելու համար:
 
Ավելին, ըստ ISW-ի՝ մարտի 1-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Սին ստորագրել են 16 համաձայնագրերի փաթեթ, որը կարող է օգնել շրջանցել Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները՝ չինական ապրանքներ ուղարկելով Բելառուսով։
 
ISW-ի վերլուծաբանները նաև կարծում են, որ Չինաստանի առաջնորդը հավակնում է միջնորդի դերին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում։ Նա կարող է հղում անել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման գործում ունեցած հաջողություններին։
 
Փետրվարի վերջին Չինաստանը ներկայացրեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ կարգավորման իր ծրագիրը, սակայն արևմտյան երկրները թերահավատորեն են վերաբերվում՝ նշելով, որ Պեկինը սովորաբար հակված է աջակցելու Կրեմլի որոշումներին և դիրքորոշմանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը