Ի՞նչն այն չէ արևի հետ․․․


Ի՞նչն այն չէ արևի հետ․․․

  • 20-03-2023 18:15:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի կառավարությունը հաստատել է մինչև 2040 թվականը էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը։ Առաջնահերթություններից է՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների (ՎԷԱ) ներուժի առավելագույն օգտագործումը։
 
Մինչեւ 2030 թվականը ՀՀ կառավարությունը նախատեսում է արեւային էներգիայի մասնաբաժինը երկրի էներգետիկ հաշվեկշռում հասցնել 17%-ի, այժմ այդ ցուցանիշը, տարբեր գնահատականներով, տատանվում է 1,3%-ից մինչև 3,3%-ի սահմաններում։ Արևային էլեկտրակայանների կառուցումը, հաշվի առնելով առկա տեղական ռեսուրսները և աշխարհում այս տեխնոլոգիայի զարգացման միտումները, անշուշտ կգերակայի ՎԷԱ-ների այլ տեսակների նկատմամբ։ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ։ Արևային էներգիայի միջին տարեկան հոսքը հորիզոնական մակերեսի 1 մ2-ի համար կազմում է 1720 կՎտժ (համեմատության համար նշենք, որ Եվրոպայում այն միջինում 1000 կՎտժ է), իսկ երկրի տարածքի մեկ քառորդն ապահովված է արևային էներգիայի պաշարներով՝ 1850 կՎտժ/մ2 ինտենսիվությամբ։ Ըստ Հայկական Էներգետիկ գործակալության տվյալների՝ վերջին չորս տարիների ընթացքում ավտոնոմ արևային կայանների թիվը քառապատկվել է, և 2022 թվականի վերջի դրությամբ Հայաստանի էլեկտրացանցին միացված է  շուրջ 10 000 արևային էներգիա արտադրող: Երկրում արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայաններ են կառուցվում, և, ըստ մասնագետների, արևային էներգիայի 15%-ի չափաբաժնի մակարդակը կարող է հասնել նույնիսկ 2030 թվականից ավելի շուտ։
 
Սակայն, մի շարք մասնագետների կարծիքով, վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցնելու հարցը հաճախ դիտարկվում է միայն էներգետիկ ոլորտի հիմնախնդիրների լույսի ներքո, և հաշվի չի առնվում, թե անցումային գործընթացը ինչպես կազդի տնտեսության և ընդհանուր առմամբ շրջակա միջավայրի վրա։ Երբ մի հողատարածք ծածկվում է արևային վահանակներով, այն ամբողջովին անպիտան է դառնում գյուղատնտեսության համար, քանի որ տարածքը մշակվում է քիմիական նյութերով՝ բույսերի աճը կանխելու համար, նույնիսկ կայանի ապամոնտաժումից և շահագործումից հետո: Սա նշանակում է գյուղատնտեսական շրջանառությունից խոշոր տարածքների դուրսբերում։ Այսպիսով, մեծ տարածքներ չունեցող երկրներում պետք է առանձնահատուկ ուշադրությամբ մոտենալ արևային էլեկտրակայանների կառուցմանը և հաշվարկել դրանց աշխատանքի հետևանքները ներկա և ապագա սերունդների համար, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի կրճատման առումով։ Հենց այս պատճառով էլ արևային մարտկոցներ տեղադրելու համար պետք է փորձել օգտագործել գոյություն ունեցող շենքերը կամ գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողերը։
 
Միևնույն ժամանակ, պետք է հիշել, որ արևային կայանների հզորությունը ուղիղ համեմատական ​​է դրանց զբաղեցրած տարածքին։ Արևային էլեկտրակայանների կառուցման համար մեծ տարածքների անհրաժեշտությունը կարող է խնդիր դառնալ փոքր երկրների համար, ինչպես նաև մարտահրավեր՝ պարենային անվտանգության ապահովման համար։ ԱՄՆ ատոմային էներգիայի ինստիտուտի (Nuclear Energy Institute) գնահատմամբ, հզորության միավորի հաշվով ատոմակայանը, որը նաև ցածր ածխածնային էներգիայի աղբյուր է, զբաղեցնում է համապատասխանաբար 75 և 360 անգամ ավելի քիչ տարածք, քան արևային և հողմային կայանը:
 
Հարկ է նշել մի կարևոր փաստ, որը հաճախ մոռանում են արևային էներգիայի կողմնակիցները. ատոմակայանների հզորության օգտագործման գործակիցը կազմում է ավելի քան 90%, իսկ արևային կայաններում՝ 15%-25%՝ կախված տարեկան արևային օրերի քանակից։ Սա նշանակում է, որ նույնքան կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա արտադրելու համար, որքան ատոմակայանում է, անհրաժեշտ է կառուցել նույն հզորության 4-5 արեւային կայան։ Եվ միևնույն ժամանակ անհրաժեշտ կլինի կառուցել ՋԷԿ-երի լրացուցիչ հզորություններ՝ գիշերը կամ ամպամած եղանակին մարդկանց և ձեռնարկություններին էլեկտրականությամբ ապահովելու համար։
 
«Առանց ատոմային էներգետիկայի մենք չենք կարողանա ապահովել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը։ ԱԷԿ-ը էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրն է, որն աշխատում է շուրջօրյա և ցանկացած եղանակին»- ասում է «Արմատոմ» ԳՀԻ-ի գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը։
 
Կարևոր կետ բնապահպանների համար. Ricardo Energy & Environment ընկերության բնապահպանական փորձագետների կարծիքով՝ միջուկային էներգիան ավելի փոքր ածխածնային հետք է թողնում, քան արևայինը և հաղմայինը: Եվ բացի այդ, ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ատոմակայանների շահագործումից դուրս բերելուց և ապամոնտաժումից հետո վերականգնել տարածքի տնտեսական օգտագործման պիտանիությունը։ Իսկ արևային մարտկոցների վերամշակման հարցը դեռևս լուծված չէ. մինչ օրս արևային մարտկոցների և հողմակայանների շեղբերների վերամշակման արդյունավետ միջոցներ չեն գտնվել: Եվ, հաշվի առնելով դրանց շահագործման կարճ ժամանակահատվածը (20-25 տարի), դրանք կսկսեն կուտակվել արագ տեմպերով։ Բացի այդ, կա կուտակային մարտկոցների ոչնչացման  խնդիր, որոնք ժամանակի ընթացքում քայքայվում են։
 
Բացի արևային մարտկոցների տեխնոլոգիական խնդրից՝ դրանց արդյունավետության նվազումը ժամանակի ընթացքում (մասնագետները դա անվանում են «դեգրադացիա» և այն կարող է հասնել տարեկան 1%-ի), արևային մարտկոցների շահագործման մեկ այլ խնդիր է փոշու մշտական ​​նստեցումը։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի  ինժեներները պարզել են, որ փոշին զգալիորեն նվազեցնում է մարտկոցների արտադրողականությունը։ Նրանք նաև հաշվարկել են, որ 150 ՄՎտ հզորությամբ մեկ արևային կայանքի հզորության 1%-ով կրճատումը կարող է հանգեցնել տարեկան $200,000 կորստի: Մարտկոցները պետք է պարբերաբար մաքրվեն ջրով, որպեսզի փոշին չնվազեցնի էներգիայի արտադրությունը: Աշխարհում տարեկան պահանջվում է մոտ 40 միլիարդ լիտր ջուր, որը շատ հաճախ անհրաժեշտ է մեքենայով բերել արևային մարտկոցների տեղակայման վայր, և ստացվում է, որ էկոլոգիապես մաքուր արևային մարտկոցը բարձր արդյունավետությամբ աշխատելու համար անհրաժեշտ է ծախսել զգալի քանակությամբ ջուր, որն, ամենայն հավանականությամբ, կհասցվի գազի վառելիքով աշխատող մեքենայով, որը մթնոլորտ է արտազատում ածխաթթու գազ:
 
 Եթե ​​մի քանի տարի առաջ համարվում էր, որ այլընտրանքային էներգիան կարող է փոխարինել էներգիայի այլ տեսակների, ապա այժմ այս թեզը լուրջ խնդիրների առաջ է կանգնել։ Հարց առաջացավ դրա աղբյուրների շարունակականության և հուսալիության մասին։ Արևային էներգիան կարելի է օգտագործել օրական մինչև յոթ ժամ։ Եվ ամեն օր չէ, որ պարզ ու արևոտ է: Էլեկտրաէներգիայի պահպանման և փոխանցման խնդիր կա։ Օրինակ, մարտկոցները լիցքավորելիս և լիցքաթափելիս էներգիայի մինչև 40 տոկոսը կորում է: Հայաստանում գրեթե ամբողջ էլեկտրաէներգիան արտադրվում է Մեծամորի ատոմակայանի, ջերմային և հիդրոէլեկտրակայանների փոփոխական հոսանքի գեներատորներով։ Արևային էլեկտրակայանները արտադրում են հաստատուն հոսանք, որը պետք է վերածվի փոփոխականի, որպեսզի ստացված էլեկտրաէներգիան փոխանցվի էլեկտրացանց։ Բացի այդ, էլեկտրացանցերի վիճակը և շահագործումը պետք է համապատասխանեն ամենախիստ պահանջներին: Հատկապես պետք է նշել, որ ՎԷԱ-ից, այդ թվում՝ արևային էլեկտրակայաններից արտադրությունը բնութագրվում է դադարներով (արտադրության անկայունությամբ): Այսինքն՝ էներգահամակարգի համար արդիական է դառնում նոր պահանջ՝ էլեկտրացանցում հաճախականության պահպանում գեներացիայի աճի և նվազման ժամանակ։
 
Վերականգնվող էներգիայի աղբյուրներ օգտագործող էլեկտրաէներգիա արտադրողների նկատմամբ հիմնական պահանջներից է էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ համաժամանակացված էներգահամակարգի կրիչի հաճախականության հետ, որը պահվում է 50 ± 0,05 Հց միջակայքում: Ցանցում հաճախականության փոփոխությունները տեղի են ունենում, երբ էլեկտրաէներգիայի սպառումը մեծանում կամ նվազում է, և այն պահպանելու համար անհրաժեշտ է անհապաղ ավելացնել պահուստային հզորությունները, կամ բեռնաթափել արտադրությունը: Այն դեպքերում, երբ շեղումները դուրս են գալիս թույլատրելի սահմաններից, գործարկվում է վթարային պաշտպանության համակարգը և տեղի է ունենում սպառողի համար ամենատհաճ բանը՝ հոսանքազրկում։ Հատկանշական օրինակներից մեկը Տեխասում 2021 թվականի փետրվարին բլեքաութն էր: Այն ժամանակ ԱՄՆ հարավային նահանգի էլեկտրացանցը անոմալ ցրտի հետևանքով չի կարողացել դիմակայել ծանրաբեռնվածությանը, և մինչև 3 միլիոն տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության և ջերմության։ Նաև 2021 թվականի սկզբին նմանատիպ իրավիճակ կարող էր տեղի ունեցավ Եվրոպայում, երբ սպառողները կանգնած էին էլեկտրաէներգիայի զանգվածային անջատման եզրին։ Փորձագետները միջադեպն անվանել են «համակարգային մակարդակի խնդիր, որն առաջացել է վերականգնվող էներգիայի աղբյուրների չմտածված զարգացմամբ»։
 
Պետք է հասկանալ, որ ՎԷԱ-ը բոլոր էներգետիկ խնդիրների լուծման միջոց չէ, այլ էլեկտրաէներգիա արտադրելու ևս մեկ միջոց, որն ունի և՛ առավելությունները, և՛ թերությունները։ Երկրի էներգետիկ համակարգի կայունության համար կարևոր է օգտագործել գեներացման բոլոր հնարավոր մեթոդները՝ առավելագույնս օգտագործելով դրանց առավելությունները, աշխարհագրական և բնական առանձնահատկությունները՝ ընդհանուր տնտեսության համար առավելագույն ազդեցություն ունենալու համար և նվազագույն բեռով՝ շրջակա միջավայրի համար։
 
Իզուր չէ, որ այսօր արևային էներգիայի զարգացման հսկայական ներուժ ունեցող երկրները, ինչպիսիք են ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և այլն, զարգացնում են ոչ միայն վերականգնվող էներգիայի աղբյուրները, այլև ատոմային էներգիան՝ լիովին հասկանալով ներդաշնակ էներգետիկ հավասարակշռություն ստեղծելու անհրաժեշտությունը։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը