Խիստ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ուղարկել միջազգային փաստահավաք խումբ. Արմեն Գրիգորյան


Խիստ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ուղարկել միջազգային փաստահավաք խումբ. Արմեն Գրիգորյան

  • 31-03-2023 20:55:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 30-ին և 31-ին աշխատանքային հանդիպումներ է ունեցել Լիտվայի նախագահի խորհրդական Կեստուտիս Բուդրիսի, Լիտվայի վարչապետի ազգային անվտանգության և կոռուպցիայի կանխարգելման հարցերով խորհրդական Կեստուտիս Լանչինսկասի, ինչպես նաև Արտաքին գործերի փոխնախարարներ Յովիտա Նելյուպշիենեի և Մանտաս Ադոմենասի հետ։
 
Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԽ գրասենյակը:
 
Հանդիպումների ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների բարեկամական հարաբերությունները, կարևորել են դրանց ամրապնդմանն ուղղված բարձր մակարդակով հանդիպումները: ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Լիտվայի իշխանություններին՝ Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությանն աջակցելու համար։
 
Քարտուղար Գրիգորյանը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը՝ Ադրբեջանի հավանական էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները, ինչպես նաև մանրամասներ՝ Լաչինում տիրող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, շեշտելով՝ միջազգային փաստահավաք խումբ Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ուղարկելու խիստ անհրաժեշտությունը։
 
Լիտվացի գործընկերներն իրենց պատրաստակամությունն են հայտնել Հայաստանին անվտանգային հարցերով, հատկապես՝ կիբերանվտանգության ոլորտում աջակցելու վերաբերյալ։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն