Թուրք սերժանտը սարսափելի մանրամասներ է հայտնում Դերսիմի ալևիների և հայերի կոտորածի մասին. Հարութ Սասունյան


Թուրք սերժանտը սարսափելի մանրամասներ է հայտնում Դերսիմի ալևիների և հայերի կոտորածի մասին. Հարութ Սասունյան

  • 26-04-2023 15:53:20   | Հայաստան  |  Քաղաքական

 
Թուրք սերժանտ Ալի Օզը, որը մասնակցել է հազարավոր ալևի քրդերի ու հայերի կոտորածին Թուրքիայի Դերսիմի շրջանում 1937-38 թվականներին, ցնցող խոստովանություն է գրել այդ սպանություններում իր դերակատարության մասին։ Չափազանց վրդովվեցուցիչ է կարդալ սպանությունների մասին զարհուրելի մանրամասները։
 
Օզի նամակի աղբյուրը Հասան Սալթըքի արխիվն է․ նա Kalan Music-ի հիմնադիրն էր, որը ստեղծել է թուրքական և հայկական երաժշտության արժեքավոր ձայնագրություններ: Նա կյանքից հեռացել է երկու տարի առաջ։ Սալթըքը հարյուրավոր թուրքական պետական փաստաթղթեր ու լուսանկարներ ուներ, որոնցով կիսվել է մի քանի հետազոտողների հետ: Նրանցից մեկը Նևզաթ Օնարանն էր, որը շատ է գրել հայկական բռնագրավված կալվածքների մասին։ Պրոֆեսոր Թաներ Աքչամն ինձ տվեց Օզի նամակի պատճենը, որը նա ստացել էր Օնարանից: Աքչամը շնորհակալություն է հայտնել Նիլուֆերին՝ Սալթըքի կնոջը, նամակն օգտագործելու թույլտվության համար։
 
Սերժանտ Օզը 1946 թվականի դեկտեմբերի 17-ին նամակ է գրել ներքին գործերի նախարար Շուքրու Քայային՝ շնորհակալություն հայտնելով նրան աշխատանք գտնելու համար հզոր գեներալ Աբդուլլահ Ալփդողանի միջնորդությամբ, որը Աթաթուրքի կողմից Դերսիմի շրջան ուղարկված նահանգապետ-հրամանատարն էր՝  Դերսիմի կոտորածը կազմակերպելու համար։ Օզը Ալփդողանի թիկնապահն էր Դերսիմում։
 
Օզը նախարար Քայային գրած իր նամակում հայտնել է, որ իր բանակային գործընկեր Էթհեմը, որը իր հետ եղել է Դերսիմի կոտորածի ժամանակ, վերջերս այցելել է իրեն։ «Նա ամբողջովին կորցրել էր խելքը։ Նա ցնցված վեր էր կենում անկողնուց և բղավելով դուրս թռնում փողոց… Ես դժվարությամբ էի կարողանում նրան զսպել։ Երեխաները, որոնց նրանք սպանել են, անընդհատ անհանգստացնում էին նրան։ Նա չէր կարողանում քնել կամ ինչ-որ բան անել։ Մեծ դժվարությամբ նրան տարա Իզմիր՝ ընտանիքի մոտ և հանձնեցի նրանց։ Վերադառնալուց հետո լուր ստացա, որ նա կտրել է իր դաստակները և ինքնասպան եղել»։ 
 
Սերժանտ Օզը նկարագրել է Դերսիմում իր կատարած հանցագործությունների ազդեցության մասին։ «Այս միջադեպը խոր ազդեցություն թողեց ինձ վրա։ Այն տխուր դեպքերը, որոնք ես ապրել էի, սկսեցին մեկ առ մեկ վերադառնալ մտքումս: Իմ սպանած երեխաների աչքերը դոփում էին գլխումս, և ես նույնպես սկսեցի չքնել, չուտել։ Ես վեր եմ կենում ցնցված, կորցրել եմ ինքս ինձ։ Այնպես է լինում, որ չգիտեմ՝ ուր եմ գնացել, ինչ եմ արել»։
 
Օզը գրել է, որ իրեն ուղարկել են հոգեբույժի մոտ։ «Բժիշկն ինձ հանձնարարեց գրել այն ամենը, ինչ արել եմ և ստորագրել: Հիմա ես դեղ եմ ընդունում։ Ինձ երեք ամսով արձակուրդ տվեցին։ Բայց նախարար, մեր գեներալն ասաց. «Այստեղ [Դերսիմում] կատարվածի մասին չխոսեք ոչ մի քաղաքացիական անձի, նույնիսկ ձեր մոր կամ հոր հետ։ Հակառակ դեպքում բոլորդ կախաղան կբարձրացվեք։ Ես գրել եմ այդ բաները և ստորագրել։ Հիմա սկսել եմ վախենալ, թե արդյոք ինձ հետ ինչ-որ բան կարող է պատահել։ Ես խնդրեցի բժշկին վերադարձնել գրածս։ Անհնար է, նա չի տա»:
 
Օզը ներքին գործերի նախարարին պատմել է, թե ինչ է գրել իր հոգեբույժին. «Ես մասնակցել եմ Դերսիմի գործողությանը 1937-38 թվականներին։ Ես իմ գեներալի թիկնապահն էի։ Ավազակների հետ շատ բախումներ են եղել։ Մեր բռնած ավազակներին կամ հանձնվողներին սպանել ենք՝ կին, թե երեխա։ Բոլորի վրա բենզին ենք լցրել և վառել։ Երբեմն գեներալը հրամայում էր՝ բենզին լցնել նրանց վրա կենդանի վիճակում և վառել։ Գոռալով ու ճչալով նրանք վառվում էին ու մոխիր դառնում, նրանց մարմնի հոտն ամբողջութամբ այրել էր մեր քթանցքերը»:
 
Օզը շարունակեց իր սարսափելի հիշողությունները. «Գեներալին լուր եկավ Տերսեմեքից [Դերսիմ]. «Կանայք և երեխաները թաքնվել էին գետի ափին ինչ-որ զառիթափում, ի՞նչ անել»: «Բոլորին սպանեք և վառեք», հրամայեց գեներալը: Երկու ժամ անց լեյտենանտը ցուցումներ տվեց։ Բայց ոչ ոք չէր ուզում երեխաներին վնասել։ Նրանք չլսեցին հրամանները։ Գեներալը շատ զայրացավ։ Զինվորների ջոկատով ճանապարհ ընկանք։ Բոլորը կանգնել էին քար կտրած։ Նա սկսեց հարվածել լեյտենանտին և զինվորներին։ Հայհոյելով՝ նա ասաց. «Բոլորին բերեք այստեղ, որտեղ հարթ է»: Կանայք և երեխաները, բղավելով ու ճչալով, ողբալով ու հառաչելով, պաղատում էին գեներալի ոտքերի մոտ: Նրանց հագին և ոտքերին միայն ցնցոտիներ էին։ Բոլորի ձեռքերն ու ոտքերը կապել էին, բերանները խցկել կտորներով։ «Հիմա զինվորներ, ես դիմում եմ ձեզ, այս քիզիլբաշների [ալևիների] սերունդները բոլորը դավաճանների բճերն են, ձեր ընկերներին սպանողների բճերը, և եթե նրանք մեծանան, կշարունակեն սպանել ձեր եղբայրներին։ Նրանց պետք է ոչնչացնել։ Մենք արմատախիլ արեցինք հայկական սերունդը, մնացել են այս քրդերն ու քիզիլբաշները։ Եթե ուզում եք, որ ձեր երեխաները երջանիկ ապրեն այս երկրում, սպանեք առանց խղճահարության։ Կառավարությունը, մեր նախագահը, հանձնարարել է ջնջել, վառել, քանդել։ Ոչ ոք չի դատվի արած գործերի համար, ես խոստանում եմ ձեզ», ասաց նա»:
 
Հետո գեներալը հրամայեց. «Յուրաքանչյուրդ հերթով մեկ-երկու հոգու սպանեք»։ Խմբում լռություն տիրեց։ «Լեյտենանտ, սկսի՛ր, երկու հոգի բե՛ր», ասաց նա։ Բերեցին երկու երեխայի, նա կրակեց երեխաների գլխին։ Նրանք երկուսն էլ մահացան։ Երբ բանը հասավ երրորդ զինվորին՝ Դիարբեքիրից Սալիհին, նա մոտեցավ երեխաներին և ընկավ նրանց առաջ։ «Իմ հրամանատար, չեմ կարող, ես էլ երեխաներ ունեմ։ Երեխաներն անմեղ են, ասաց նա, այս թշվառները: Գեներալն ասաց՝ դու անիծյալ քուրդ ես, դա քո ցեղն է, դրա համար էլ ցավում ես, այնպես չէ՞։ Նա կրակեց զինվորի ճակատին և ասաց. «Ով չկատարի հրամանը, կարժանանա նրա բախտին»։ Այսպիսով, բոլորը սկսեցին սպանել մեկ կամ երկու կնոջ և երեխաների: Ամեն մահապատժից հետո գեներալն ինքն էր մեկ-երկու կրակոց արձակում նրանց գլխին՝ համոզվելու համար, որ մահացած են։ Յուրաքանչյուրը պետք է կատարեր իր պարտքը։ «Արի ինձ մոտ, սերժանտ [Օզ], քո հերթն է»։ Մնացել էին երեք փոքրիկ աղջիկներ։ «Զբաղվեք դրանցով», ասաց նա: Երեխաները կծկվել էին գետնին, կեղտոտել էին իրենց ցնցոտիներում և լաց էին լինում այդ թշվառ վիճակում։ Ես նայեցի նրանց աչքերի մեջ ու երեքին էլ սպանեցի։ Նրանց աչքերը խորապես խոցեցին հոգիս։ Ես չեմ կարողանում մոռանալ նրանց աչքերը: Այդ օրը մահապատժի ենթարկվեցին 70-80 երեխա և 30 կին։ Բոլորի մարմինները նետեցին Մուրատի ջրերը։
Գետը լցվեց արյունով։ Շատ զինվորներ ներում էին աղերսում։ Ես շատ մարդկանց եմ սպանել ու վառել, սակայն այդ երեխաների աչքերի պես խոցող աչքեր չեմ տեսել»։
 
Սերժանտ Օզն իր նամակն ավարտել է հետևյալ տանջալից գրառմամբ. «Ես ինչպե՞ս կարող եմ նայել իմ երեխաների աչքերին»:
 
Հարութ Սասունյան
 
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական