Հռոմի ստատուտի վավերացման հարցը չի ընդգրկվել ԱԺ նստաշրջանի օրակարգում
19-05-2023 12:25:09 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման թեման ավելի վաղ լուրջ հակասություններ էր առաջացրել։
Հաջորդ շաբաթ մեկնարկող ՀՀ Ազգային ժողովի հերթական նստաշրջանի նիստերի օրակարգում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման հարցն ընդգրկված չէ։ «Հրապարակ» թերթը գրում է, որ պատգամավորները լսելու են Կենտրոնական բանկի և Հաշվեքննիչ պալատի ղեկավարների զեկույցները, ընտրելու են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ, Վճռաբեկ դատարանի դատավորներ։
Հռոմի կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունների վավերացումը օրակարգ չի մտել։
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր ՍԴ–ի` 2004թ–ի օգոստոսի 13-ի որոշմամբ, որով Հռոմի փաստաթուղթը ճանաչվել էր 1995թ–ի Սահմանադրությանը հակասող։ Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց միջազգային պայմանագրի վավերացման գործընթացը վերսկսել ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
2022 թվականի վերջին ՀՀ կառավարությունը նախաձեռնեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը դեկտեմբերի 29-ին կառավարության նիստում հայտարարեց, որ հարցի հրատապությունը պայմանավորված է Ադրբեջանի ԶՈւ–ի` ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրած լայնածավալ ռազմական ագրեսիայի ու տարածքների օկուպացման փաստերով։
ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին։
Մարտի 27-ին ՏԱՍՍ–ը, հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրներին, հայտնեց, որ Մոսկվան խիստ բացասաբար է ընդունել պաշտոնական Երևանի` Հռոմի կանոնադրությանը միանալու ծրագրերը, և որ Երևանում զգուշացվել են անցանկալի հետևանքների մասին: ՌԴ ԱԳՆ հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը ՌԴ ղեկավարությանը ձերբակալելու օրդեր տվեց։