ՌԴ-ն ամեն ինչ կանի, որ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանն ուղղված որոշումները կատարվեն. Լավրովը՝ եռակողմ հանդիպմանը


ՌԴ-ն ամեն ինչ կանի, որ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանն ուղղված որոշումները կատարվեն. Լավրովը՝ եռակողմ հանդիպմանը

  • 19-05-2023 15:53:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանն ուղղված որոշումները կատարվեն:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը:
 
Լավրովը նախ նշեց, որ վերջին անգամ տեսնվել են բավականին վաղուց՝ հույս հայտնելով, որ հանդիպումը կանցնի կառուցողական մթնոլորտում և ուղիղ երկխոսությունը թույլ կտա հասնել լրացուցիչ արդյունքների:
 
Մինչև երկկողմ ֆորմատին անցնելը՝ եռակողմ ֆորմատում Լավրովն առաջարկեց քննարկել Հայաստանի և Ադրբեջանի  հարաբերությունների կարգավորման հարցերի ամբողջ շրջանակը:
 
Նա նշեց, որ երկրների ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունները կայուն լուծումների հասնելու ճանապարհային քարտեզներ են:
 
«Մենք վերլուծել ենք Հարավային Կովկասի շուրջ իրավիճակը: Համարում ենք, որ մեր ղեկավարների պայմանավորվածություններին այլընտրանք գոյություն չունի: Մեր հերթին մենք հետաքրքրված ենք նրանով, որ այս տարածաշրջանում լինի կայունություն, խաղաղություն: Սա ուղղակիորեն կապված է ռուսական շահերի հետ: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի իրավիճակի կայունացմանն ուղղված որոշումները կատարվեն»,-ասաց Լավրովը՝ հավելելով՝ հույս ունի, որ դրանք կհարգեն նաև մյուս բոլոր երկրները, որոնք ինչ-որ կերպ շահագրգռված են տարածաշրջանում ներկայությամբ:
 
Լավրովը նշեց նաև Լեռնային Ղարաբաղում, սահմանին իրավիճակի կայունացման, հումանիտար խնդիրների լուծման, տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակման անհրաժեշտությունը, նաև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը, որի ուղղությամբ կողմերն աշխատում են:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը