Եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից․ Փաշինյանը` ՀԱԵ–ի հետ հարաբերությունների մասին


Եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից․ Փաշինյանը` ՀԱԵ–ի հետ հարաբերությունների մասին

  • 20-05-2023 12:23:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Նիկոլ Փաշինյանը եկեղեցու հետ հարաբերությունները ներկայացրել է պարաֆինի օրինակով։
 
Երբ եկեղեցին ու պետությունը խառնվում են իրար, դրանից ավելի վտանգավոր բան չկա։
 
Տավուշում դպրոցականներ հետ հանդիպմանը այս հայտարարությունն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
Վարչապետի խոսքով՝ իրենց սկզբունքն այն է, որ հարաբերությունները լինեն իրավական, օրինական և ՀՀ օրենսդրության ու Սահմանադրության շրջանակներում:
 
«Բայց կա նաև հետևյալ հանգամանքը. եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կարող է նաև քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն ու դրա շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն, ինչը, կարծում եմ, ավելի ազնիվ կլինի։ Եվ ընտրողների առաջ ու այլ քաղաքական մրցակիցների հետ էլ կլինեն նույն հարթության վրա», - նշել է Փաշինյանը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է՝ եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից, ուղղակի չի կարող։
 
«Պետությունը պետք է զբաղվի իր գործով, եկեղեցին՝ իր։ Չնայած, պետք է ասել, որ դրանք իրարից միշտ չէ, որ տարբերակվում ու տարանջատվում են, որովհետև շատ հարցեր կան, որ խաչվում են», - ասել է Փաշինյանը։
 
Նա եկեղեցու հետ հարաբերությունները ներկայացրել է պարաֆինի օրինակով՝ ընդգծելով, որ Հայ առաքելական եկեղեցին իր կարիքների համար ցանկանում է այն ներմուծել առանց մաքսային և այլ վճարների։ Սակայն ինքն այդտեղ սկզբունքային խնդիրն է տեսնում։
 
Առաջինը, ըստ Փաշինյանի, եթե պարաֆինը մաքսազերծվում է որպես բարեգործական ծրագրի մաս, պետք է մոմը չվաճառվի, այլ հավատացյալները գան, վերցնեն, և գանձանակում ով ինչքան կուզի, կվճարի։ Երկրորդ տարբերակն այն է, որ մոմը վաճառվի և համապատասխան հարկերը վճարվեն պետական բյուջե, որը պետությունը կվերադարձնի եկեղեցուն։
 
«Այսինքն՝ տալիս ենք երկու տարբերակ՝ կա՛մ պարաֆինը, որից մոմ է պատրաստվում, համապատասխան վճարներով չի գանձվում ու այդ պարագայում դառնում է բարեգործական ապրանք, ու մեր եկեղեցիներում մոմը չի վաճառվում, կա՛մ էլ մոմի, բոլոր իրերի վաճառքը տեղի ունենա ՀՀ օրենսդրությանը համապատասխան, դրանից գանձվեն հարկեր, տուրքեր։ Ու ես, կառավարությունն ասում ենք՝ ինչը հավաքագրվում է, ամբողջը կվերադարձնենք եկեղեցուն: Նկատի ունեմ՝ այսպիսի խաչվող տեղեր կան», - ասել է ՀՀ վարչապետը։
 
Հիշեցնենք՝ ապրիլի 20-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ իշխանության և եկեղեցու համագործակցությունը ցանկալի մակարդակի վրա չէ՝ հիշեցնելով, որ շարունակում են պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play