ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ–ում կգործի, երբ հստակ ընդգծի ՀՀ տարածքը. Փաշինյան


ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ–ում կգործի, երբ հստակ ընդգծի ՀՀ տարածքը. Փաշինյան

  • 22-05-2023 13:30:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՀՀ վարչապետի խոսքով` երբ ՀԱՊԿ-ը հստակ ընդգծի ՀՀ տարածքը, խնդիրների 90 տոկոսը կվերանա։
 
ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում չի գործում մի պարզ պատճառով, քանի որ ըստ էության չի մատնանշում, թե որն է իր պատկերացրած ՀՀ տարածքը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
Նա այս փաստը համարեց ֆունդամենտալ պրոբլեմ։
 
«Երբ ՀԱՊԿ–ը դա հստակ կընդգծի, պրոբլեմների 90 տոկոսը կվերանա»,– ասաց Փաշինյանը։
 
ՀՀ վարչապետի խոսքով` ՀՀ–ն Արևմուտքից ՌԴ–ի հետ հարաբերությունները խզելու ազդակ երբևէ չի ստացել, չի ստանում ու կարծում է, որ չի ստանա։
 
«Ազդակները կարող են լինել երկկողմ հարաբերությունների զարգացման կամ ընթացքի մասին, ինչը վերաբերում է այդ թվում ՌԴ–ին, իսկ ՌԴ–ի հետ մեր հարաբերությունները մենք շատ թափանցիկ ենք քննարկում, և կարծում եմ, որ այդ խոսակցություններում որևէ մութ կետ չկա»,– ասաց նա։
 
Հիշեցնենք` 2022 թվականի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել։
 
ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ ասաց, որ կազմակերպության կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահման (որտեղ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ- խմբ.)։
 
Հունվարի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է իր տարածքում ընդունել ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունները:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը