ՀՀ-ն հույս է հայտնում, որ խաղաղության պայմանագրի Ադրբեջանի արձագանքը կարտահայտի Վաշինգտոնի պայմանավորվածությունները


ՀՀ-ն հույս է հայտնում, որ խաղաղության պայմանագրի Ադրբեջանի արձագանքը կարտահայտի Վաշինգտոնի պայմանավորվածությունները

  • 22-05-2023 13:59:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական կողմը հույս է հայտնում, որ խաղաղության պայմանագրի ադրբեջանական կողմի սպասվող արձագանքները կարտահայտեն Վաշինգտոնում տեղի ունեցած քննարկումները, ըմբռնումը:
 
Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում՝ անդրադառնալով  «Արմենպրես»-ի հարցին, թե առաջիկայում տարբեր ձևաչափերով սպասվող բանակցություններում ենթադրվո՞ւմ է խաղաղության պայմանագրի ստորագրում:
 
Մոսկվայի բանակցությունները նախատեսված են հինգշաբթի օրը՝ մայիսի 25-ին: Վարչապետը մինչև հինգշաբթի իրատեսական չհամարեց ստորագրումը: «Եթե կոմունիկացիաների բացման վերաբերյալ կհաջողվի գալ ընդհանուր հայտարարի, բացառել չեմ կարող: Մեր խնդիրն է հնարավորինս արագ ավարտին հասցնել բանակցությունները և ստորագրել խաղաղության պայմանագիր: Համենայնդեպս, մեր թիմը շատ ինտենսիվ աշխատում է»,-ասաց Փաշինյանը:
 
Հայկական կողմը Վաշինգտոնի բանակցություններից առաջ Ադրբեջանին փոխանցել է խաղաղության պայմանագրի իր խմբագրումները: Հիմա Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմի արձագանքին:
 
«Հույս ունենք, որ դա կարտահայտի Վաշինգտոնում տեղի ունեցած քննարկումները, ըմբռնումը, պայմանավորվածությունները, այն ըմբռնման առաջընթացը, որն արձանագրվել է: Եթե պարզվի, որ Ադրբեջանը, օրինակ, այս շաբաթ փոխանցի իր արձագանքները, և, եթե մի շաբաթը բավարար է վերլուծելու համար, եթե տեսնենք, որ այդ առաջարկները, մոտեցումները համարում ենք ընդունելի փոխզիջումային տրամաբանության մեջ, ինչո՞ւ չէ: Բայց այս պահին դեռևս չենք ստացել իրենց արձագանքները»,-ասաց վարչապետը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը