Ադրբեջանի ԱԳ փոխնախարարն ԱՄՆ Կոնգրեսում հանդիպումներում հերքում է Լաչինի միջանցքի մասին «հայկական լոբբիի» հաղորդումները


Ադրբեջանի ԱԳ փոխնախարարն ԱՄՆ Կոնգրեսում հանդիպումներում հերքում է Լաչինի միջանցքի մասին «հայկական լոբբիի» հաղորդումները

  • 22-05-2023 14:47:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Միացյալ Նահանգների Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամների հետ հանդիպումներում պնդել է, թե հայկական լոբբին ստահոդ տեղեկություններ է տարածում Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների մասին:
 
«Հանդիպումների ընթացքում հայտարարվել է, որ Լաչինի սահմանային անցակետի ստեղծման հետ կապված ԱՄՆ-ում գործող հայկական ծայրահեղական կազմակերպությունները Կոնգրեսի անդամներին տրամադրում են իրականությանը չհամապատասխանող և չհիմնավորված տեղեկություններ», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրությունում:
 
Գերատեսչության փոխանցմամբ՝ ադրբեջանցի պաշտոնյան նաև պնդել է, թե «Կոնգրեսի անդամների կողմից միակողմանի բանաձևերը չեն ծառայում Միացյալ Նահանգների ազգային շահերին և, բացի երկրների հարաբերություններից, վնասում են հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունները»։
 
Լաչինի միջանցքի արգելափակումը, ապա այդ ճանապարհին Ադրբեջանի կողմից անցակետերի տեղադրումը դատապարտել է նաև պաշտոնական Վաշինգտոնը։ Դեռ ամիսներ առաջ էլ Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել էր ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխափան տեղաշարժն ապահովելու համար։
 
Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը ապրիլի վերջին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի նախագիծ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը