ՀՀ–ն իր անվտանգությունը տեսնում է տարածաշրջանի խաղաղությամբ` առանց 3-րդ կողմի. Փաշինյան


ՀՀ–ն իր անվտանգությունը տեսնում է տարածաշրջանի խաղաղությամբ` առանց 3-րդ կողմի. Փաշինյան

  • 22-05-2023 15:03:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՀՀ վարչապետի խոսքով` անվտանգության միակ հուսալի երաշխիքը տևական խաղաղությունն է։
 
Հայաստանն իր անվտանգությունը տեսնում է միայն տարածաշրջանում խաղաղություն ունենալով։ Այսօրվա ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ՀՀ վարչապետը որ հարթակներում և ինչպես է տեսնում Հայաստանի անվտանգությունը։
 
Ըստ նրա` անվտանգության միակ հուսալի երաշխիքը տևական, իստիտուցիոնալ և համապարփակ խաղաղությունն է։ Ճշտող հարցին, թե ում հետ, Փաշինյանը պատասխանեց` մեր միջավայրի ու մեր տարածաշրջանի։
 
«Եթե մենք ընկալում ունենանք, որ մեզ վրա անընդհատ պետք է հարձակվեն, և մենք պետք է պաշտպանվենք երրորդ ուժի աջակցությամբ ու օգնությամբ, ապա մի «իքս» պահի այդ երրորդ ուժը կարող է ասել` ես չեմ կարող ձեզ աջակցել, ես էլ իմ պրոբլեմները ունեմ, ես գնում եմ իմ խնդիրները լուծելու։ Եվ մենք կմնանք մեր թշնամիների հետ դեմ հանդիման։ Մենք մի անգամ դա արդեն տեսել ենք, ու դա մեր ժողովրդի ամենաողբերգական էջն է»,– ասաց նա։
 
Փաշինյանի խոսքով` այս մասին պետք է մտածել, չմտածելը դավաճանություն կլինի։
 
Վարչապետը անդրադարձավ հաճախ շրջանառվող հարցին, թե ինչու է ՀՀ–ն համաձայնել ԵՄ դիտորդների առկայությանը իր տարածքում, իսկ ՀԱՊԿ առաքելության առկայությանը չի համաձայնել։
 
«Շատ պարզ պատճառ կա, որովհետև անվտանգության ոլորտում ՀԱՊԿ–ի հետ մենք ունենք պայմանագիր, որտեղ փոխադարձաբար պարտավորությունները ֆիքսված են։ Հիմա մենք դիսոնանս ենք տեսնում իրենց գործողությունների ու պարտավորությունների մեջ, ասում ենք` հարգելի գործընկերներ, եկեք սկզբից դիսոնանսի հարցը լուծենք, հետո մոնիտորինգի, որովհետև առանց դիսոնանսի հարցը լուծելու` չի կարող մոնիտորինգը լինել արդյունավետ»,– հայտարարեց վարչապետը։
 
Փաշինյանն ընդգծեց` Հայաստանը ԵՄ–ի հետ դիսոնանս չունի, որովհետև ԵՄ–ի հետ չունի անվտանգային ոլորտում կնքած որևէ փաստաթուղթ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը