ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. վարչապետ


ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. վարչապետ

  • 22-05-2023 15:42:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում նաև Լեռնային Ղարաբաղը, սակայն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ:
 
Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա ասուլիսի ժամանակ:
 
«86.6 հազար քառ. կմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը: Բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության և իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտում ձևաչափում»,- նշեց նա:
 
Անդրադառնալով գործող կառավարության դիրքորոշմանը՝ վարչապետն ասաց՝ ՀՀ-ի այսօրվա կառավարությունն ինչ ասի-չասի, ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
 
«Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքային ամբողջականությունը Հայաստանը պատրաստ է ճանաչել: Եվ մեր ընկալմամբ՝ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության 29.800 քառ. կմ տարածքային ամբողջականությունը: Եթե մենք այս հարցում Ադրբեջանի հետ ճիշտ ենք հասկանում իրար, Հայաստանն, այո, ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքային ամբողջականությունը՝ այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.800 քառ. կմ տարածքը»,- նկատեց Փաշինյանը:
 
ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ֆորմատում:
 
Վարչապետը շեշտեց՝ հայկական կողմը կարևոր է համարում այդ բանակցությունների միջազգային երաշխիքների ստեղծումը:
 
«Նկատի ունենք, օրինակ, որ կարող է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցն ուղղակի մոռացության մատնվել, և Ադրբեջանը շարունակի ուժային լծակի գործադրմամբ Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականությունը»,- ասաց նա՝ շեշտելով, որ կարևորում են երաշխիքները, որ այդ քաղաքականությունը չի շարունակվելու:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը