Ուկրաինան է պայթեցրել «Հյուսիսային հոսքերը». The Times-ը` քննիչների եզրակացության մասին


Ուկրաինան է պայթեցրել «Հյուսիսային հոսքերը». The Times-ը` քննիչների եզրակացության մասին

  • 23-05-2023 12:25:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Կասկած է հարուցել «Անդրոմեդա» զբոսանավը, որը վարձել էր Վարշավայում երկու ուկրաինացիների կողմից հիմնված լեհական ընկերությունը։
 
Գերմանացի քննիչները Բալթիկ ծովում դիվերսիայի գործով ոչ մի նոր բան չեն գտել, բայց բացառել են այն վարկածը, որ «ռուսներն իրենք իրենց են պայթեցրել», գրում է բրիտանական հեղինակավոր պարբերականը:
 
«Գերմանացի քննիչները կասկածում են այն պնդումներին, թե ռուսական նավերը դիվերսիա են կազմակերպել «Հյուսիսային հոսք» գազատարի վրա և դրա փոխարեն դիտարկում են ուկրաինական իշխանությունների մասնակցության հնարավորությունը։ Հետաքննությունը բացահայտել է մի լեհական ընկերություն, որը հիմնել են երկու ուկրաինացի։
 
Գերմանիայի քրեական հետաքննությունների դաշնային վարչությունը, ուսումնասիրելով ռուսական նավերի մանևրները պայթյունի վայրի մոտակայքում, եկել է այն եզրակացության, որ Ռուսաստանը ներգրավված չէ «Հյուսիսային հոսքի» սաբոտաժի մեջ»,-նշում է պարբերականը։
 
Ընդ որում, ասվում է, որ կասկած է հարուցել «Անդրոմեդա» զբոսանավը, որը վարձել էր Վարշավայում երկու ուկրաինացիների կողմից հիմնված լեհական ընկերությունը։ Գերմանացի քննիչների վարկածով` կեղծ փաստաթղթերով Գերմանիա ժամանած հինգ տղամարդ և մի կին նավը որպես հարթակ են օգտագործել:
 
«Նավում գտնվող փորձառու սուզորդները ռումբեր են տեղադրել մոտ 70 մետր խորության վրա։ Հետաքննությանը մասնակցող անձինք եկել են այն եզրակացության, որ գործողությունն իրականացվել է ուկրաինական հատուկ ծառայությունների աջակցությամբ։ Նրանք ճշտում են միջադեպի կապը ուկրաինական իշխանությունների հետ»,- գրում է թերթը։
 
Նախօրեին Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը լրագրողներին ասել էր, որ Գերմանիայի իշխանություններին հայտնի են եվրոպական ԶԼՄ-ների նյութերը, որոնցում խոսվում է «Հյուսիսային հոսքերում» դիվերսիայում ուկրաինական հետքի մասին, սակայն իրենք այդ թեմայով շահարկումներ չեն անի: Նա հիշեցրել է, որ Գերմանիայի կառավարությունն արդեն հայտարարել է, որ այդ թեմայի շուրջ կարտահայտվի միայն այն ժամանակ, երբ «անհերքելի ապացույցներ» կլինեն նրանց մեղավորության մասին, ովքեր դա արել են։
 
Պայթյունները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 26-ին դեպի Եվրոպա ռուսական արտահանման երկու գազատարներում` «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2»: Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառել նպատակային դիվերսիան։ «Հյուսիսային հոսքի» օպերատոր Nord Stream AG-ն հայտնել էր, որ գազատարներում արտակարգ դրությունն աննախադեպ է, և վերանորոգման ժամկետներն անհնար է գնահատել: Ռուսաստանի գլխավոր դատախազությունը միջազգային ահաբեկչության մասին գործ է նախաձեռնել։
 
Ամերիկացի լրագրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Հերշը փետրվարի 8-ին հրապարակել էր իր հետաքննությունը, որում, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ ռուսական գազատարների տակ պայթուցիկ սարքերը 2022 թվականի հունիսին, Baltops զորավարժությունների պատրվակից օգտվելով, դրել են ԱՄՆ ռազմածովային ուժերի սուզորդները` նորվեգացի մասնագետների աջակցությամբ։ Հերշի տեղեկություններով` գործողության մասին որոշումը կայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը` ազգային անվտանգության հարցերով զբաղվող վարչակազմի ներկայացուցիչների հետ ինն ամիս տևած քննարկումների արդյունքում: Ավելի ուշ Պենտագոնը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ ԱՄՆ-ն ռուսական գազատարների պայթեցման հետ կապ չունի։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը