Ընդդիմությունն առաջարկեց ԱԺ-ում քննարկել Հայաստանի վարչապետի հայտարարություններն Արցախի վերաբերյալ


Ընդդիմությունն առաջարկեց ԱԺ-ում քննարկել Հայաստանի վարչապետի հայտարարություններն Արցախի վերաբերյալ

  • 23-05-2023 13:44:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԱԺ հերթական նիստերի ընթացքում քննարկման առարկա դարձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն Արցախի վերաբերյալ և դրանց գնահատական տալ։
 
Մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86․6 հազար քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության շուրջ պետք է երկխոսություն լինի Ստեփանակերտի և Բաքվի միջև՝ միջազգային երաշխավորությամբ։
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց. «Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ կատարել է մի շարք հայտարարություններ, որոնք ուղղակիորեն առնչվում են ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շահերին և պահանջում են Ազգային ժողովում համապատասխան քննարկումներ և գնահատականների հնչեցում»:
 
Նկատի ունենալով, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Արցախի և Հայաստանի խորհրդարանների միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն է՝ նա հետաքրքրվեց՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ է այս հերթական նիստերի ընթացքում քննարկման առարկա դարձնել այդ հայտարարությունները և գնահատական հնչեցնել ընդդիմության կողմից հակապետական գնահատվող մոտեցումներին:
 
ԱԺ նախագահն էլ պատասխանեց, որ լսումների անցկացման նախաձեռնությամբ հանդես գալը ընդդիմության իրավունքն է: Նա առաջարկեց ընդդիմությանը նախաձեռնությունը ներկայացրել, իրենք էլ հետագայում կքննարկեն:
 
Արծվիկ Մինասյանը նշեց՝ պրակտիկան ցույց է տվել, որ մեծամասնությունը մշտապես մերժել է այդ նախաձեռնությունը: Նա հավելեց՝ կանոնակարգ օրենքն ԱԺ նախագահին հնարավորություն է տալիս հանդես գալ արտահերթ ուղերձով, հայտարարության նախագծով, որը առիթ կարող է հանդիսանալ այդ հարցերի քննարկման համար:
 
Սիմոնյանը կրկնեց՝ թող ընդդիմությունը ներկայացնի նախաձեռնությունը, իրենք կքննարկեն:
 
«Եթե Ձեզ հետաքրքրում է անձնապես իմ կարծիքը, ես ամբողջությամբ կիսում եմ վարչապետի՝ երեկ հնչեցրած կարծիքները»,-ասաց Սիմոնյանը:
 
Ավելի ուշ ամբիոնից իր ելույթում Արծվիկ Մինասյանը տարօրինակ համարեց, որ ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը, սկսելով իր նիստերը, օրակարգում չի կարողանում ներառել հայ ժողովրդի համար բախտորոշ նշանակություն ունեցող հարցերի քննարկումը: Նա նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը լիակատար սատարում է հայտնում Արցախի ժողովրդին:
 
Նա հիշեցրեց Հայաստանի անկախության հռչակագրի մասին, որն ամրագրել է, որ ՀՀ ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես ՀՀ գերագույն խորհրդին: «Գերագույն խորհուրդը 1992 թ հուլիսի 8-ին կայացնում է որոշում. ՀՀ-ն կպաշտպանի Արցախի հարցի այն լուծումը, որը կընդունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հետևողականորեն սատար կկանգնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը, Հայաստանի համար անընդունելի կհամարվի միջազգային և ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղը նշված կլինի Ադրբեջանի կազմում»,-ասաց Մինասյանը:
 
Նա հավելեց՝ դա Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից հրապարակված և առ այսօր առկա միակ լեգիտիմ հայտարարությունն է: Մինասյանը հարցրեց՝ հետևաբար ի՞նչ իրավասությամբ է Նիկոլ Փաշինյանը կատարում հայտարարություններ: Նա խմբակցության անունից կոչ արեց բոլոր առողջ ուժերին համատեղ ջանքերը՝ իշխանազրկելու գործող իշխանությանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը