Հայրենիքի համար պետք է պայքարել, այլ ոչ թե պայքար ձևացնել. Քոչարյանը` Արցախի ԱԺ-ին


Հայրենիքի համար պետք է պայքարել, այլ ոչ թե պայքար ձևացնել. Քոչարյանը` Արցախի ԱԺ-ին

  • 23-05-2023 15:43:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է, որ Արցախի ԱԺ պատգամավորները սատարել են Հայաստանի իշխանություններին 2021 թվականի ընտրությունների ժամանակ և «չեն նկատել» նախորդ տարվա ապրիլ-մայիսին Երևանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերը:
 
Նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար էր չտեսնել, որ վերջին երկու տարին Արցախի բացահայտ հանձնում է տեղի ունենում: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսպես է արձագանքել Արցախի Հանրապետության ԱԺ հայտարարությանը, որը ուղղված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։
 
Նշենք, որ մայիսի 22–ի ուշ երեկոյան Արցախի խորհրդարանն արտահերթ նիստում միաձայն ընդունեց Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու անթույլատրելիության մասին բանաձևը։
 
Արցախի խորհրդարանը դիմեց Հայաստանի և Արցախի նախկին ու գործող նախագահներին` կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ին արած հայտարարությունները, այլապես նրանց լռությունը կդիտարկեն որպես ՀՀ վարչապետի հետ համաձայնության նշան։
 
Քոչարյանը նշել է, որ ՀՀ նախագահներին ուղղված վերջնագրային պահանջները իր մասով համարում է անտեղի և վիրավորական:
 
«Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում։ Դուք այդքան նաի՞վ եք։ Մենք դրա մասին խոսել ենք հանրային և բոլոր առիթներով: Արցախի ԱԺ-ն իր մեծամասնությամբ (բացառությամբ 4 պատգամավորի), իրենց առաջնորդներով որևէ կերպ չի արձագանքել մեր զգուշացումներին»,–նշել է Քոչարյանը:
 
Նա ընդգծել է, որ Արցախի ԱԺ պատգամավորները սատարել են Հայաստանի իշխանություններին 2021 թվականի ընտրությունների ժամանակ: Նրանք «չեն նկատել» նախորդ տարվա ապրիլ-մայիսին Երևանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերը:
 
«Ձեր հնազանդությամբ և Հայաստանի իշխանություններին գոհացնելու ձգտմամբ դուք թույլ տվեցիք, որ Արցախի ճակատագիրը որոշվի առանց ձեր մասնակցության: Այնպես որ, չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա: Եվ հաստատ՝ դուք չէ, որ կարող եք դատողություն անել իմ հայրենասիրության մակարդակի մասին: Իմ մոտեցումները չեն փոխվել՝ Հայրենիքի համար պետք է պայքարել, այլ ոչ թե պայքար ձևացնել»,–եզրափակել է ՀՀ երկրորդ նախագահը:
 
Ավելի վաղ Արցախի ԱԺ հայտարարությանն արձագանքել էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա նշել էր, որ խոսքերից զատ, այսօր, առավել քան երբևէ, կարևոր են քայլերը, գործերը և համախմբվածությունը՝ անկախ ամենատարբեր տարաձայնություններից ու ամբիցիաներից, որոնք ոչինչ են մեր ժողովրդի գլխին կախված արհավիրքի կողքին։
 
Հիշեցնենք, որ մայիսի 22-ի իր ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 հազար ք/կմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը