Նախկին իշխանություններից որևէ մեկը քայլ չի արել, որ Արցախը չճանաչվի Ադրբեջանի կազմում, այլ՝ հակառակը․ Հովհաննիսյան


Նախկին իշխանություններից որևէ մեկը քայլ չի արել, որ Արցախը չճանաչվի Ադրբեջանի կազմում, այլ՝ հակառակը․ Հովհաննիսյան

  • 23-05-2023 15:51:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Որևէ մեկը չի եղել ու չի կարող լինել, որ ՀՀ սուվերեն տարածքից կամ ԼՂ-ի տարածքներից նվերներ տա, այն տարածքներից, որտեղ հայ ժողովուրդը ապրել է դարերով և պետք է ապրի»:
 
Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով երեկ ուշ երեկոյան Արցախի Ազգային ժողովի ընդունած հայտարարությանը։
 
Հովհաննիսյանը նշեց, որ չի մեկնաբանի այդ հայտարարությունը, քանի որ դա Արցախի ներքաղաքական կյանքին վերաբերող խնդիր է։
 
«Չեմ ուզում երեկվա հայտարարությունը մեկնաբանել, քանի որ Արցախի ներքաղաքական կյանքը նրանցն է: Ես չեմ ընդունում այդ հայտարարությունը, դրա համար էլ չեմ արձագանքում: Կարծում եմ՝ մենք կոնստրուկտիվ կերպով պետք է քննարկենք մեր առջև ծառացած մարտահրավերները, քանի որ ՀՀ իշխանությունների համար թիվ մեկ օրակարգային հարց է ինչպես ՀՀ տարածքային ամբողջականության, սուվերենության ապահովումը, այնպես էլ ԼՂ-ի հայ ժողովրդի իրավունքների և իր տարածքում անվտանգ ապրելու ապահովումը»,- ասաց նա։
 
Նշենք, որ Արցախի ԱԺ-ն երեկ՝ ուշ երեկոյան, արտահերթ նիստ էր հրավիրել՝ պահանջելով Արցախի և Հայաստանի ներկա ու նախկին նախագահներից դատապարտել Նիկոլ Փաշինյանի երեկվա արած հայտարարությունները, ըստ որոնց՝ Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրի մեջ ներառվում է նաև Արցախը:
 
Նրա խոսքով՝ արցախցի իրենց գործընկերները մշտապես տեղյակ են եղել ամեն ինչից, քանի որ նրանց հետ եղել է մշտական հաղորդակցություն։ Ըստ նրա՝ երբևէ նախկին իշխանություններից որևէ մեկը քայլ չի արել, որ Արցախը չճանաչվի Ադրբեջանի կազմում, այլ լրիվ հակառակը․ «Մենք հասկանում ենք, որ խորհրդարանը տարբեր քաղաքական միավորումներից է կազմված։ Չեմ կարող նորմալ գնահատել այն հայտարարությունները, որոնք հատում են անձնական վիրավորանքի շեմը»։
 
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ-ն Ադրբեջանի հետ գնում խաղաղության, Հովհաննիսյանը շեշտեց․ «Ամեն դեպքում, գնում ենք խաղաղության, որպեսզի մեր երկրի շուրջ ապահովենք խաղաղություն, ճանապարհները ապաշրջափակենք, որ զարգանանք, բանակը հզորացնենք, որ այլևս երբեք որևէ մեկը չկարողանա մեր սահմաններին կրակել։
 
Ալիևը վստահելի չէ, ռազմական հանցագործ է։ Մենք շատ հստակ ընդգծում ենք այն հարցը, որ Ադրբեջանը պետք է դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը