ԱԺ-ն սահմանափակեց կառուցապատողների հասանելիությունը գնորդի վճարած գումարներին


ԱԺ-ն սահմանափակեց կառուցապատողների հասանելիությունը գնորդի վճարած գումարներին

  • 24-05-2023 12:44:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik․ Քանի դեռ նորակառույց շենքում գնված բնակարանի վկայականը չի տրվել, վճարված գումարի 75 տոկոսը բանկում սառեցված կմնա։
 
ՀՀ ազգային ժողովը սահմանափակեց կառուցապատողների հասանելիությունը գնորդների վճարած գումարներին, որոնք նրանք ստանում են շինարարության ընթացքում։ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքին և կից փաթեթին կողմ քվեարկեց 63 պատգամավոր, ձեռնպահ` 31-ը։
 
Այսուհետև, ըստ օրենքի, կառուցապատողը նախկինի պես կարող է գնորդի համաձայնության դեպքում օգտագործել գումարը, բայց ոչ ավելի, քան ընդհանուր գումարի 25%-ը։
 
Գործող օրենքով լինում էին դեպքեր, երբ կառուցապատողը գումարի 100 տոկոս հասանելիություն էր ունենում, անգամ, եթե շենքի կեսն էր կառուցված, կամ տվյալ հարկը, որտեղ գնորդը ձեռք էր բերել բնակարան, դեռ կառուցված չէր։ Օրենքում կատարված փոփոխություններից հետո գնորդի վճարած գումարի 75%-ը կառուցապատողը չի կարողանա օգտագործել, քանի դեռ շենքի ավարտական ակտը չկա։
 
Այսինքն` քանի դեռ սեփականության վկայականը չի հանձնվել, այդ 75%-ը սառեցված կմնա կառուցապատողի հաշվի վրա։
 
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն ավելի վաղ ԱԺ նիստում ասել էր, որ վերոնշյալ 75 տոկոսները բանկում ավանդային գումարներ են լինելու, որոնց տոկոսային գումարները կառուցապատողը կկարողանա օգտագործել:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը