ՀՀ-ն ցանկանում է վերջ տալ սողացող պատերազմին․ Արշակյանը՝ Բաքվի հետ բանակցությունների մասին


ՀՀ-ն ցանկանում է վերջ տալ սողացող պատերազմին․ Արշակյանը՝ Բաքվի հետ բանակցությունների մասին

  • 24-05-2023 14:54:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը միակողմանի չի իրականացվում։
 
Հայաստանը չի ցանկանում, որպեսզի տարածաշրջանում շարունակվի այս պայթյունավտանգ իրավիճակը և ձգտում է կայունացման։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
 
Նրա խոսքով՝ Ղարաբաղյան հարցի համատեքստում Հայաստանի մոտեցումն այն է, որ ստորագրվելիք խաղաղության պայմանագրով Ստեփականկերտի և Բաքվի միջև միջազգային մասնակցությամբ ամրագրվեն երկխոսության մեխանիզմները։
 
Այդ մեխանիզմի շրջանակում պետք է քննարկվեն արցախահայության անվտանգությունն ու իրավունքները։
 
«Արցախի իշխանություններից ինչ-որ մարդիկ ինչ էլ որ չասեն, նրանք պետք է հասկանան, որ խոսքը Հայաստանի ավտանգության և ինքնիշխանության մասին է»,- հավելեց նա՝ մեկնաբանելով Արցախի Հանրապետության խորհրդարանի հայտարարությունը։
 
Ինչպես հայտնի է, մայիսի 22-ի իր ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 ք/կմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող, այսպես կոչված, անկլավները։
 
Արշակյանն այս մասով հիշեցրեց, որ խոսքը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջակայությունը միակողմանի ճանաչելու մասին չէ, գործընթացը փոխադարձ է։
 
«Կա՞ արդյոք երաշխիք, որ խաղաղության պայամագիրը երկարատև կլինի և տարածաշրջանում անվտանգության կապահովվի։
 
Դա կախված է նրանից, թե ինչ միջազգային մեխանիզմներ և երաշխիքներ կլինեն։ Չգնալ այդ ճանապարհով՝ կնշանակի ժամանակավոր էսկալացիաներ և «սողացող» պատերազմ։ Մենք դա չենք ցանկանում»,- ասաց Արշակյանը։
 
Նա պարզաբանեց, որ Երևանը չի ցանկանում, որ շարունակվի ներկա պայթյունավտանգ իրավիճակը, այլ ձգտում է կայունացման, արցախահայության անվտանգության իրական երաշխիքների ստացման։ Քաղաքական գործչի կարծիքով՝ այս բոլոր խնդիրների քննարկմանը պետք է մոտենալ սթափ հաշվարկով և սառը գլխով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը