ՀԺ-ում տպած է պայմանագիրը, որ Քոչարյանը, Օսկանյանը, Սարգսյանը ուզում էին ստորագրել. Արշակյանը ձայնագրություններ միացրեց


ՀԺ-ում տպած է պայմանագիրը, որ Քոչարյանը, Օսկանյանը, Սարգսյանը ուզում էին ստորագրել. Արշակյանը ձայնագրություններ միացրեց

  • 25-05-2023 14:36:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
Հայկական ժամանակ. ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, այսօր Ազգային ժողովում անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների՝ Արցախի վերաբերյալ ելույթներին, միացրեց Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի տարբեր ժամանակների հայտարարություններից ձայնագրություններ:
 
Նա նախ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ ձայնագրությունը, որտեղ մասնավորապես նշվում է՝ «Պարոն Քոչարյան, դուք ձեզ օկուպանտ համարո՞ւմ եք», պատասխան՝ «Ոչ, բանն այն է, որ մենք շարունակում ենք հայտարարել, որ 7 շրջանների վրա վերահսկողության իմաստը ռազմական է, և պատերազմի ավարտից հետո դրանք կվերադարձվեն»։
 
«Խոսքը, ըստ էության, 7 շրջանների մասին էր: Սրանք այն տարածքներն են, որոնք ընդդիմության ներկայացուցիչները և ենթադրաբար անձամբ Ռոբերտ Քոչարյանը, որն իրենց առաջնորդում է, կոչում է հայրենիք»,- ասաց Արշակյանը:
 
Լևոն Տեր-Պետրոսյանի 2008թ. ունեցած ելույթի ձայնագրության մեջ էլ ասվում է, որ ինքը կհրապարակի 10 տարի թաքցված փաստ, մեծագույն դավադրություն ՀՀ-ի հանդեպ, դա Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման հարցն է: ««Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված է այն պայմանագիրը, որ Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը, այն ժամանակ անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը պատրաստվում էին ստորագրել Ադրբեջանի հետ»,- ասել է առաջին նախագահը:
 
Հակոբ Արշակյանն ընդդիմադիրներին հարց ուղղեց. «Ղարաբաղը հայրենի՞ք է, իսկ Մեղրին՝ ո՞չ: Այդ ինչպե՞ս էր կարելի Մեղրիի շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ: Եվ ո՞րն է ձեր հայրենիքը, արդյոք հայրենիքի ինչ-որ կտոր փոխանակման առարկա՞ է»:
 
Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ձայնագրությունում էլ նշվում է, որ ՀՀ-ն համաձայն է ԼՂ տարածքում կրկնակի հանրաքվե անցկացնելուն, և դա փոխզիջում է, Արշակյանն էլ արձագանքեց՝ ասելով. «Երկրորդ անգամ հանրաքվեն ո՞րն է, մի հատը լավը չէր, նորից անենք»:
 
ԱԺ փոխնախագահը նաև մեջբերում արեց Ադրբեջանի ժողովրդին և իշխանություններին ուղղված՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի վերջերս արած հայտարարությունից: Դրանում, մասնավորապես, Արցախի նախագահն ասել է, որ արցախցիները պատրաստ են միջազգային ձևաչափով երկխոսության: «Մեր մոտեցումն էլ է նույնը: Այդ միջազգային ձևաչափով պետք է այս բոլոր հարցերը քննարկվեն Բաքվի և Ստեփանակերտի միջև»,- ընդգծեց Արշակյանը:
 
Անդրադառնալով ընդդիմադիրների ելույթներին, թե ինչպիսի սպառազինություններ են գնվել տարբեր ժամանակներում, մեղադրանքներին, որ գործող իշխանությունը կոտրել է բանակի ողնաշարը՝ ԱԺ փոխնախագահը հարց հնչեցրեց. «Ո՞րն է եղել Ապրիլյան քառօրյա պատերազմը 44-օրյայի չվերածելու գինը: Ո՞րն է եղել գինը, որ 4-րդ օրը պատերազմը դադարել է: Արդյոք դադարե՞լ է նրա արդյունքում, որ հայկական զինված ուժերը ահռելի ջախջախիչ հարված են հասցրել ադրբեջանական զինված ուժերին: Եվ, եթե այդպես է, ինչո՞ւ չեն շարունակվել այդ ռազմական հաջողությունները»:
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play