Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին՝ հիշեցնելով, որ Լաչինի միջանցքն ապօրինաբար արգելափակված է


Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին՝ հիշեցնելով, որ Լաչինի միջանցքն ապօրինաբար արգելափակված է

  • 25-05-2023 20:08:56   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Իր ելույթում Ադրբեջանի նախագահն օգտագործել է մի արտահայտություն, որը վերջին տարիներին օգտագործում են իրենց տարածքային նկրտումներն արդարացնելու համար։ 
 
Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը՝ հիշեցնելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հիշատակվում է միայն մեկ միջանցքի՝ Լաչինի միջանցքի մասին, որը պետք է մնար ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ, սակայն ցավոք, այն ապօրինաբար փակվել է Ադրբեջանի կողմից:
 
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նկատել է, որ 1991 թ. ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն սահմանների ճանաչման համար պայմաններ են ստեղծվում, և հույս կա, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր կլինի հասնել համապատասխան պայմանագրի՝ այդ թվում նաև տրանսպորտային հաղորդակցությունների հետ կապված:
 
«Մենք այսօր եռակողմ հանդիպմանը, կարծում եմ, կարող ենք այդ ամենը քննարկել»,-ասել է Պուտինը:
 
Ալիևն իր հերթին վստահեցրել է, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ չունի: Անդրադառնալով իր իսկ օգտագործած «միջանցք» եզրույթին՝ Ալիևն ասել է.
 
«Միջանցք անվանումը որևէ կերպ չի նշանակում ոտնձգություն որևէ մեկի տարածքի նկատմամբ: Դա միջազգային տերմին է: Մարդիկ, որոնք ծանոթ են միջազգային տերմինաբանությանը, դրան չէին տա այնպիսի նշանակություն, որ տալիս է Հայաստանի վարչապետը»:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է՝ ընդգծելով.
 
«Բոլոր այն մարդիկ, որոնք ծանոթ են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, գիտեն, որ այդ հայտարարությունում կա միայն մեկ դեպք՝ միջանցք բառի օգտագործման: Այդ համատեքստում բառը ունի հատուկ նշանակություն, և դա Լաչինի միջանցքի մասին է, որը ես կրկնում եմ՝ եռակողմ հայտարարության համաձայն՝ պետք է լինի ՌԴ-ի վերահսկողության տակ և ապահովի ԼՂ-ի և Հայաստանի միջև կապը»:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը