Իրավիճակը, չնայած դժվարություններին, զարգանում է կարգավորման ուղղությամբ. Պուտին


Իրավիճակը, չնայած դժվարություններին, զարգանում է կարգավորման ուղղությամբ. Պուտին

  • 26-05-2023 10:52:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Իրավիճակը, չնայած դժվարություններին, զարգանում է կարգավորման ուղղությամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև մնացյալ հարցերը տեխնիկական բնույթ են կրում և հաղթահարելի են, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ եռակողմ հանդիպման մեկնարկին։
 
«Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, չնայած բոլոր դժվարություններին և խնդիրներին, որոնք դեռ բավականաչափ են, ընդհանուր առմամբ իրավիճակը զարգանում է կարգավորման ուղղությամբ», - հայտարարել է Կրեմլի ղեկավարը՝ առանց հավելյալ մանրամասների, միայն նշելով, որ դրանք «զուտ տեխնիկական բնույթ են կրում»։
 
Պուտինի խոսքով՝ «հարցը տերմինաբանության մեջ է»։
 
«Իհարկե, այդ տերմինների հետևում պետք է լինի ճշգրիտ պատկերացում այն իրողությունների և իրադարձությունների մասին, որոնք կհետևեն համապատասխան փաստաթղթերի ստորագրմանը, բայց մեր կարծիքով՝ նկատի ունեմ բոլորիս՝ և՛ Ադրբեջանի նախագահի, և՛ Հայաստանի վարչապետի, դրանք հաղթահարելի խոչընդոտներ են։ Մեծ հաշվով՝ դրանք գոյություն չունեն, զուտ տեխնիկական հարցեր են»,- ասել է Ռուսաստանի առաջնորդը։
 
Կրեմլի ղեկավարն առաջարկել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերին մեկ շաբաթից հանդիպել և վերջնական տեսքի բերել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված մնացած հարցերը։
 
Հանդիպումը հյուրընկալող Վլադիմիր Պուտինը մինչ այդ առանձին հանդիպումներ է ունեցել Իլհամ Ալիևի, Նիկոլ Փաշինյանի հետ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը