Ինչու եռակողմ հանդիպման արդյունքներով չեղավ որևէ հայտարարություն. մեկնաբանում են պատգամավորները


Ինչու եռակողմ հանդիպման արդյունքներով չեղավ որևէ հայտարարություն. մեկնաբանում են պատգամավորները

  • 26-05-2023 15:30:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՀՀ ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն անդրադարձան հարցին, թե ինչու Մոսկվայում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքներով որևէ եռակողմ հայտարարություն չեղավ:
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցում լրագրողները պատգամավորներին հիշեցրեցին՝ նախքան հանդիպումը ռուսական «Կոմերսանտ»-ը գրել էր, որ հանդիպման արդյունքում առնվազն երկու եռակողմ փաստաթղթի ստորագրում է սպասվում, հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ նոյեմբերի 9-ից ի վեր առաջին անգամ եռակողմ հանդիպմանը որևէ հայտարարություն չհետևեց:
 
«Մենք կարող ենք արձանագրել, որ տեղի է ունեցել հանդիպում, դրա շրջանակներում քննարկվել են որոշ հարցեր: Եվ հարցերի քննարկման և բովանդակության և ծավալների հետ կապված՝ գործ ունենք բավականին նուրբ մատերիայի հետ: Եվ այդ նուրբ մատերիան առնվազն մինչև բանակցային գործընթացների արդյունքում ծնված վերջնական արդյունքի ի հայտ գալը հրապարակելը որևիցե եղանակով չի օժանդակելու այդ բանակցային գործընթացի բարեհաջող ավարտին»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը:
 
Վարդանյանը նշեց, որ բանակցային գործընթացն ընթանում է իր ուղով, ոչ շատ արհեստական արագացման, ոչ էլ շատ արհեստական դանդաղեցման գործընթացների փուլում են, կողմերը փորձում են հնարավորինս մոտարկել դիրքորոշումներն այն հարցերի վերաբերյալ, որոնք դեռևս հստակեցված չեն:
 
Ըստ պատգամավորի՝ դիվանագիտությունը շատ ավելի ճկուն է, և չունի որոշակի տրամաբանական հստակ օրինաչափություններ, որ անպայման հանդիպումը պետք է ավարտվի այսինչ եղանակով կամ հանդիպման արդյունքում անպայման պետք է ինչ-որ բան տեղի ունենա:
 
«Սա դիվանագիտական գործընթաց է, որը պահանջում է և ճկունություն, և, անհրաժեշտության դեպքում նույնիսկ շատ արագ եղանակով ձևաչափի փոփոխություն: Այո, արձանագրում ենք, որ այս հանդիպումը տեղի է ունեցել, արձանագրում ենք, որ հայտարարություն չի եղել: Հանդիպումը տևել է որոշակի ժամանակահատված, և դրա արդյունքում չի եղել հայտարարություն:
 
Բայց որևիցե հայտարարություն առ այն, որ բանակցային գործընթացը չի շարունակվելու, ևս չկա: Եվ մենք առաջնորդվում ենք այն տրամաբանությամբ, որ բանակցային գործընթացը շարունակվելու է»,-ասաց Վարդանյանը:
 
Արթուր Հովհաննիսյանն ասաց՝ այս պահին գոյություն ունի մեկ փաստաթղթի նախագիծ՝ խաղաղության պայմանագրի նախագիծը, իրականության մեջ որևէ այլ փաստաթղթի նախագիծ գոյություն չունի: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը