Ալիևի երեկվա խոսքը շատ նման է բրյուսելյան պայմանավորվածությունից հրաժարվելուն. Փաշինյան


Ալիևի երեկվա խոսքը շատ նման է բրյուսելյան պայմանավորվածությունից հրաժարվելուն. Փաշինյան

  • 29-05-2023 12:13:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունները հասկանալի չեն։ Այս մասին այսօր ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ադրբեջանը պետք է պարզաբանի, թե արդյո՞ք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունները նշանակում են Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարում»,– հայտարարեց նա։
 
Նա հիշեցրեց, որ ՀՀ–ն և Ադրբեջանը պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել տարածքային ամբողջականությունները, բայց տեքստը, որ հնչել է երեկ, ըստ վարչապետի շատ մոտ է պայմանավորվածությունից հրաժարվելուն։
 
«Ես չեմ ուզում մեկնաբանություն անել, կարծում եմ պետք է լրացուցիչ ճշգրտումներ մտցնենք, որպեսզի մեր հետագա գործողությունները պլանավորենք»,– ասաց նա։
 
Նախօրեին Ալիևը Լեռնային Ղարաբաղի իշխանություններից պահանջել էր ցրել խորհրդարանը, բոլոր պաշտոնյաներին էլ կոչ էր արել հրաժարվել պաշտոններից՝ անվանելով դա «միակ ճանապարհը, որով նրանք կարող են համաներում ստանալ»։
 
Ադրբեջանի նախագահը նաև նշել էր, որ Ղարաբաղում բնակվող հայերին վերաինտեգրման հարցը քննարկելու երրորդ առաջարկ չի լինի։ Ալիևը նաև սպառնացել է Լեռնային Ղարաբաղին ռազմական օպերացիայով։ «Կամ իրենք կգան գլուխները կախ, կամ իրադարձությունները այլ կերպ կզարգանան», - նշել էր նա։
 
Խոսելով հունիսի 1-ին Քիշնևում տեղի ունենալիք հնգակողմ հանդիպման մասին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս պահին չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր կլինի ստորագրել։
 
«Մենք դեռևս չենք ստացել Ադրբեջանւի մեկնաբանությունները Վաշինգտոնում իրենց փոխանցած մեր առաջարկների վերաբերյալ»,– ասաց նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play