ԵՄ–ն ողջունում է Փաշինյանի համարձակ հայտարարությունը
30-05-2023 15:48:17 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. Եվրոպացի դիվանագետը կարծում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջին մեկ ամսում ակտիվացել է, պետք է խուսափել քայլերից, որոնք կարող են վտանգել խաղաղ գործընթացը:
Եվրամիությունը ողջունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մայիսի 22-ին արած համարձակ հայտարարությունը և սահմանազատման ուղղությամբ աշխատելու Հայաստանի հստակ պատրաստակամությունը: Նման հայտարարությունն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
Ինչ է հայտարարել Հայաստանի վարչապետը
Փաշինյանը մայիսի 22–ի ասուլիսում հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
Ստանոն շեշտել էր, որ ԵՄ–ն ողջունում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 25-ի հայտարարությունը, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման լուրջ նախադրյալներ կան։
«Քանի որ այս զգայուն հարցերի շուրջ աշխատանքները շարունակվում են, կարևոր է վստահության ամրապնդման քայլեր ձեռնարկել, գործել բարեխղճորեն և առաջնորդություն ցուցաբերել՝ համապարփակ կարգավորմանը վերաբերող բոլոր հարցերի շուրջ լուծումների հասնելու համար»,– ընդգծել է Ստանոն։
Եվրոպացի դիվանագետը վստահ է` չնայած հակամարտությունների բարդ պատմությանը և անցյալի բողոքներին, բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ միջոցներով` երկխոսության ճանապարհով։
«ԵՄ-ն հանձնառու է աջակցել կողմերին այս նախաձեռնությունում»,– շեշտված է հայտարարության մեջ։
Ստանոյի կարծիքով` հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջին մեկ ամսում ակտիվացել է, ինչը ողջունում է Եվրոպական միությունը: ԵՄ-ն կարծում է, որ կարևոր է պահպանել այդ պատմական ազդակը և խուսափել քայլերից, այդ թվում` թշնամական հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել խաղաղ գործընթացը:
Ստանոն հիշեցնում է, որ մեկ ամսվա ընթացքում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի մի քանի հանդիպումներ են եղել` ԱՄՆ, Բրյուսել, Մոսկվա, առաջիկայում երկու երկրների առաջնորդները նաև Քիշնևում կհանդիպեն։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։ Նույն օրը Վաշինգտոնում էլ եռակողմ` հանդիպում եղավ Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։
Մայիսի 14–ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։
Մայիսի 25-ին Մոսկվայում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որից հետո ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն չկարգավորված հարցերը լուծելու համար։