Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում


Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում

  • 25-05-2023 16:06:02   | Հայաստան  |  Հասարակություն

 
23 մայիսի 2023թ.  –ին  Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը գրանցեց իր հերթական հաջողությունը միջազգային համագործակցության ասպարեզում: Այս անգամ մեր դոնորի օգնության կարիքն ուներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բուժվող հայ հիվանդը, որի փրկության վերջին հույսը ցողունային բջիջների փոխպատվաստումն էր համատեղելի դոնորից։
 
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում այսօր իրականացվեց ցողունային բջիջների 40-րդ հավաքագրումը:
 
Բարեբախտաբար, համատեղելի դոնորը հիվանդի հարազատ քույրն է՝ Անահիտը։ Անահիտը երբ իմացավ, որ համատեղելի է եղբոր հետ և  կարող է եղբոր համար դոնոր հանդիսանալ, առանց մեկ վարկյան վարանելու, անցավ բջիջների հավաքագրմանը նախորդող ամբողջ նախապատրաստական փուլը և, այսօր, կրտսեր եղբորը նվիրաբերեց իր դոնորական ցողունային բջիջները։
 
Բջիջները ժամեր անց լիցենզավորված միջազգային փոխադրողի ուղեկցությամբ կլինեն ԱՄՆ, որտեղ կիրականացվի փոխպատվաստումը։
 
Յուրաքանչյուր փոխպատվաստում փորձություն է: Մասնագետների շղթայի յուրաքանչյուր օղակ, որոնք ձեռքից ձեռք, երկրից երկիր են փոխանցում կյանքի հույսը, պետք է անխափան աշխատի: Այս ժամանակ բացվում են բոլոր սահմանները, մարդիկ ունեն միայն մեկ նպատակ՝ ժամ առաջ տեղ հասցնել կենսաբեր բջիջները և օգնել հիվանդին հաղթահարելու մահաբեր հիվանդությունը:
 
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն: 
 
Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում: Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է ավելի քան  33.500 դոնոր, ռեեստր դիմած 5867 հիվանդի հետ նախնական համընկնող 5816 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 40-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:
 
Հիշեցնենք, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն և լրացնել հարցաթերթիկ:
 
Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք:
 
 
Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր
Հ. Ներսիսյան 7, 0014 Երևան, Հայաստան
Հեռ: +374 10 20 83 11; +374 10 20 83 12
Էլ.փոստ: info@abmdr.net
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play