Խորհուրդ Ալիևին. շարունակի՛ր վարկաբեկել Ադրբեջանի հեղինակությունը


Խորհուրդ Ալիևին. շարունակի՛ր վարկաբեկել Ադրբեջանի հեղինակությունը

  • 08-06-2023 14:00:57   | Հայաստան  |  Քաղաքական

 
Չնայած որ Ադրբեջանը թուրքական և իսրայելական զենքի ու վարձու իսլամիստական ահաբեկիչների օգնությամբ հաղթեց 2020 թվականի Արցախյան պատերազմում, նախագահ Ալիևը կործանում է իր երկրի միջազգային հեղինակությունը։
 
Պատերազմի ժամանակ և դրանից հետո իր բարբարոսական գործողություններով Ալիևը ոտնահարեց Ադրբեջանի շահերը։ Արդյունքում, նա ինքն իրեն դարձրեց ատելի ու մերժված անձ և  ծիծաղի առարկա ամբողջ աշխարհում։ Մինչ Ռուսաստանն իր գիրկն է առել նրան իր քաղաքական շահերի համար, Արևմուտքը հանդուրժում է նրան, որպեսզի օգուտ քաղի ադրբեջանական նավթից ու գազից։
 
Շատ ուրախ եմ, որ Ալիևն այդքան բացասական  բաներ անում է ոչ միայն հայ ժողովրդի, այլ ամբողջ աշխարհի աչքի առաջ։
 
Ալիևի չարագործությունների բազմաթիվ օրինակներ կան։ Ահա դրանցից մի քանիսը.
 
2020 թվականի պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինվորները կատարել են բարբարոսական գործողություններ, որոնք խախտում են միջազգային իրավունքը, ինչպիսիք են՝ գերեվարված հայ զինվորների և խաղաղ բնակիչների գլխատում, նրանց մարմինների անդամահատում, խոշտանգում, գերիների դատ դատարանում և երկարաժամկետ ազատազրկման դատապարտում։
 
Խախտելով միջազգային կոնվենցիաները՝ Ադրբեջանը 2020 թվականի պատերազմի ժամանակ օգտագործել է արգելված կասետային և ֆոսֆորային ռումբեր հայ զինվորներին սպանելու համար։
 
Ադրբեջանը պարբերաբար ավերել և աղավաղել է հարյուրավոր հայկական մշակութային հուշարձաններ և պղծել տասնյակ հայկական եկեղեցիներ Արցախում՝ խախտելով «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիան։
 
Ադրբեջանը շարունակում է խախտել 2020 թվականի պատերազմի ավարտին Փաշինյանի, Ալիևի և Պուտինի ստորագրած հրադադարի պայմանագիրը։ Ահա մի քանի օրինակ՝ բազմաթիվ հայ ռազմագերիների ազատ չարձակելը, Արցախում խաղաղ բնակիչների վրա կրակելը, Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ հատվածների գրավումը, նոր հայ պատանդներ վերցնելը և Հայաստանին ու Արցախին հետագա հարձակումներով սպառնալը, եթե նրանք չկատարեն Ադրբեջանի ցանկությունները։
 
Ալիևն անմարդկայնացրել և դիվականացրել է հայերին՝ նրանց բնութագրելով «տզրուկներ» և «գազաններ» ստոր ածականներով։ 2005 թվականին գերմանական պատվիրակության այցի ժամանակ Բաքվի քաղաքապետ Հաջիբալա Աբութալիբովն անամոթաբար  ասաց նրանց. «Մեր նպատակը հայերի լիակատար ոչնչացումն է։ Դուք, նացիստներդ, արդեն ոչնչացրել եք հրեաներին 1930-40-ականներին, այնպես չէ՞: Դուք պետք է մեզ հասկանաք»:
 
Ալիևը վերջին վեց ամիսների ընթացքում տասնյակ կեղծ բնապահպան ակտիվիստների է ուղարկել Լաչինի միջանցքը փակելու համար՝ զրկելով 120 հազար արցախցիների սննդից ու դեղամիջոցներից։ Այս այսպես կոչված բնապահպաններն ավելի շատ նման էին ահաբեկիչների։ Այնուհետև Ադրբեջանը անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում՝ ավելի խախտելով 2020 թ. պայմանագիրը։
 
Բացի այդ, Ադրբեջանը պարբերաբար անջատում է Արցախի բնակչության ինտերնետն ու էլեկտրաէներգիան՝ պահելով նրանց մեկուսացված, մթության մեջ և առանց ջերմության սառնամանիքի պայմաններում։
 
Պարզ տարանցիկ ճանապարհի փոխարեն Ադրբեջանը բազմիցս պահանջում է միջանցք՝ Ադրբեջանի արևելյան հատվածից Նախիջևան անցնելու համար, որը ենթադրում է Ադրբեջանի ինքնիշխանություն Հայաստանի տարածքում՝ խախտելով 2020 թ. պայմանագիրը։ Պնդելով միջանցքի վրա՝ Ալիևը փաստացի հետաձգում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի մուտքը Նախիջևան։
 
Ալիևը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը «Արևմտյան Ադրբեջան» է։ Սա կատարյալ անհեթեթություն է։ Մինչ Արցախն ու Հայաստանը հազարամյա պատմություն ունեն՝ Ադրբեջանը նույնիսկ մեկ դար առաջ գոյություն չուներ։
 
Ալիևը ծիծաղելի խոստում է տվել, որ արցախցիներն ապրելու են ադրբեջանական տիրապետության տակ այնպես, ինչպես իր մյուս բոլոր քաղաքացիները, որոնք նույնպես ճնշված են։ Արցախցիները լավ են հիշում Ադրբեջանի բարբարոսական դաժան վերաբերմունքը իրենց նկատմամբ։ Հիմա նրանց շրջափակումը ցույց է տալիս, թե ապագայում որքան ավելի վատ են վերաբերվելու իրենց հետ:
 
Ալիևը բազմիցս կոչ է անում Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Ադրբեջանի կողմից ստորագրված ցանկացած պայմանագիր անիմաստ թղթի կտոր է, ինչպես տեսնում ենք Ալիևի կողմից 2020 թվականի համաձայնագրի խախտումներից։
 
Իրավիճակն ավելի վատթարացնելով՝ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ողջունեց Ալիևի խայտառակ հայտարարությունը, որ ինքը համաներում է տալու Արցախի բոլոր պաշտոնյաներին, որոնք հրաժարական կտան։
 
Փոխարենը Միլլերը պետք է դատապարտեր Ալիևի անընդունելի սպառնալիքները Հայաստան և Արցախ ներխուժելու վերաբերյալ։
 
Ալիևը մերժել է բազմաթիվ համաշխարհային առաջնորդների և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Համաշխարհային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջները՝ ազատ արձակել հայ ռազմագերիներին և ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
 
2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը Բաքվում հիմնեց ռասիստական «ռազմական ավարի պուրակ»՝ ցուցադրելով հայ զինվորների մոմե մոդելները՝ կեռ քթերով և աղավաղված դեմքերով։ Միջազգային հանրության բողոքներից և դատապարտումներից հետո ցուցահանդեսը փակվեց։
 
2004 թվականի փետրվարին ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովը Հունգարիայում ՆԱՏՕ-ի ծրագրով ուսուցման ժամանակ կացնով կտրեց  քնած հայ զինվորի գլուխը։ Ադրբեջանի կողմից Հունգարիային մի քանի միլիարդ դոլար վարկ տալու դիմաց Սաֆարովը վաղաժամկետ ազատ արձակվեց՝ հասկանալով, որ ցմահ ազատազրկման մնացած մասը կկրի Բաքվի բանտում։ Սակայն Ալիևը Սաֆարովին ընդունեց որպես ազգային հերոսի, ներում շնորհեց, տվեց մայորի կոչում, անվճար բնակարան և 8 տարվա չվճարված աշխատավարձը։ Սա Ադրբեջանի փոխհատուցումն է Սաֆարովին՝ սառնասիրտ  սպանություն կատարելու համար։
 
Այս բոլոր պատերազմական հանցագործությունների հետևանքով Ալիևը վարկաբեկեց իր և Ադրբեջանի հեղինակությունն ամբողջ աշխարհում։ Միջազգային քրեական դատարանը պետք է ձերբակալի նրան և դատապարտի որպես պատերազմի հանցագործ։
 
Չնայած Ալիևի այպանելի գործողություններին, համաշխարհային տերությունները շարունակում են փակել իրենց աչքերը՝ անտեսելով նրա բազմաթիվ հանցագործությունները՝ կուրացած Ադրբեջանի նավթից ու գազից:
 
Հարութ Սասունյան
 
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
 
Թարգմանությունը՝  Ռուզաննա Ավագյանի
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական