Գայանե Հակոբյանը մեղավոր է ճանաչվել. պատիժը պայմանականորեն չի կիրառվի


Գայանե Հակոբյանը մեղավոր է ճանաչվել. պատիժը պայմանականորեն չի կիրառվի

  • 09-06-2023 15:59:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ՀՀ վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով մեղադրվող Գայանե Հակոբյանը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով չորս տարվա ազատազրկման։ Պատիժը պայմանականորեն չի կիրառվի, նա դատարանի դահլիճից ազատ է արձակվել։
 
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով նիստն այսօր դռնփակ է անցկացվել, որից հետո ամբաստանյալ Գայանե Հակոբյանի պաշտպանները հայտարարել են, որ հրաժարվում են Հակոբյանի պաշտպանությունից: Նրանք լրագրողներին հայտնել են, որ դիրքորոշման փոփոխություն կա իրենց և պաշտպանյալի միջև։ Թեև պաշտպանները հստակ չեն նշել, բայց նրանց խոսքից պարզ է դարձել, որ Հակոբյանն ընդունել է մեղքն ու արագացված դատաքննություն պահանջել: Եվ հենց նա է գործը դռնփակ քննելու միջնորդություն ներկայացրել:
 
Հիշեցնենք՝ հունիսի 5-ին դատարանը, լսելով դատավարության մասնակիցների կարծիքը, որոշել էր փոխել Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրվող Գայանե Հակոբյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը և ընտրել խափանման միջոց կալանք մեկ ամիս 15 օր ժամկետով։ 
 
Մայիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել 1 ամսով կալանավորել Գայանե Հակոբյանին:
 
Մինչ այդ՝ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել էր այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքով:
 
Հիշեցնենք նաև, որ ըստ Քննչական կոմիտեի՝ մայիսի 17-ին Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, նշել, որ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլելիս իրեն են մոտեցել 2020 թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները: Նրանցից մի կին ներկայացել է որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել նստել իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, այդ կինն իր համար անսպասելի վարել է այն, ապա նաև ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով, կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ: Երբ վարորդը մեքենայի ընթացքը դանդաղեցրել է, Աշոտ Փաշինյանը դուրս է նետվել:
 
Դրանից վայրկյաններ հետո ուրիշ ավտոմեքենա հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը