ԵՄ երկրները կռվում են ՌԴ-ի դեմ, բայց ձևացնում են, թե կապ չունեն դրա հետ. Վոլոդին
10-06-2023 12:51:09 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. ՌԴ Պետդումայի խոսնակի կարծիքով` պատժամիջոցներից առաջին հերթին տուժում են եվրոպական պետություններն ու քաղաքացիները։
Եվրամիության երկրները կռվում են Ռուսաստանի դեմ, բայց ձևացնում են, թե կապ չունեն դրա հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Եվրամիության երկրները կռվում են մեր երկրի դեմ: Նրանց ռազմական տեխնիկան և զենքը, հայտնվելով Կիևի ռեժիմի գրոհայինների ձեռքում, օգտագործվում են ՌԴ տարածքում ահաբեկչությունների, խաղաղ քաղաքացիական բնակչության վրա հարձակումների համար։ Բայց միևնույն ժամանակ, եվրոպական պետությունների ղեկավարները ձևացնում են, թե ոչ մի կապ չունեն դրա հետ, կարծես Զելենսկին ու նրա ենթակաները զենքը օգտագործում են առանց նրանց իմացության»,-գրել է Վոլոդինը իր Telegram ալիքում:
Պետդումայի խոսնակը նշել է, որ այդ արյունալի հանցագործությունները դատապարտելու փոխարեն եվրոպական երկրների առաջնորդները նախընտրում են քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:
«Սա ոչ այլ ինչ է, քան երկակի ստանդարտներ։ Եվրաբյուրոկրատները նախկինում օգտագործել են, հիմա էլ օգտագործում են դրանք մեր երկրի նկատմամբ»,-ընդգծել է նա։
Վոլոդինի խոսքով` պատժամիջոցներից առաջին հերթին տուժում են եվրոպական պետություններն ու քաղաքացիները։
«Անցյալ տարի ռեկորդային գնաճ է գրանցվել ԵՄ-ի գոյության ողջ ընթացքում, իսկ հիմա եվրագոտին պաշտոնական ռեցեսիայի մեջ է մտել. երկրորդ եռամսյակն անընդմեջ ՀՆԱ-ն նվազում է», -հավելել է նա:
Պետդումայի խոսնակը հստակեցրել է, որ պատժամիջոցները դադարել են Ռուսաստանի Դաշնության զարգացումը զսպելու գործուն գործիք լինել, երկիրը, նրա խոսքով, կհաղթահարի ցանկացած մարտահրավեր և սպառնալիք և միայն ավելի կուժեղանա։
«Այսօր մեկ այլ հարց է արդիական դարձել. Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քանի՞ փաթեթ է մնացել մինչև Եվրամիության կործանումը»,-ամփոփել է նա։
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար նախատեսված ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։