Մեկնարկում է Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը
23-06-2023 13:23:39 | Հայաստան | Հասարակություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը հունիսի 23-ից հուլիսի 9-ը կանցկացնի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը:
Արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի «Ֆրեսկո» միջազգային փառատոնն այս տարի մեկնարկելու է Վանաձորից։ Ցուցադրվելու են անցած տասը տարիների մրցանակային ֆիլմերը։ Փառատոնի կազմակերպիչ Շահեն Նազարենկոն խոստովանում է, որ ի սկզբանե փառատոնի մեկնարկը շատ դժվար է եղել, ոչ բոլորն են ընկալել՝ ինչ ասել է հոգևոր ֆիլմերի փառատոն։ Շատերի մոտ այն կարծքին է եղել, որ այդ ֆիլմերը պետք է պատմեն կրոնների մասին։ Բայց իրականում ֆիլմերը հոգևոր արժեքների ու մշակութային երկխոսության մասին են։
Փառատոնին նվիրված մամուլի ասուլիսին ներկա էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ով շնորհավորեց է կազմակերպիչներին հոբելյանի կապակցությամբ և վստահություն հայտնեց, ասելով, որ փառատոնն ապացուցել է իր կենսունակությունը, որովհետև այն մարդասիրական արժեքների, բարության, հանդուրժողականության, սիրո, լավագույն գաղափարների հարթակներից մեկն է. «Պետք է նշեմ, որ դեռևս կրթության և մշակույթի պետական քաղաքականության մեջ հստակ ձևակերպված չէր ներառականության քաղաքականությունը, այս փառատոնն արդեն իրականացնում էր ներառականության քաղաքականություն: Ամենածանր շրջաններից մեկում՝ համավարակից հետո, հանրային կյանքը մեկնարկեց «Ֆրեսկո» փառատոնով:
Այս տարի փառատոնն աշխարհի տարբեր երկրներից կհամախմբի արվեստագետների, կինոգործիչների և մտավորականների՝ վերածելով Լոռու մարզը մշակութային խաչմերուկի: Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում հունիսի 23-ից հուլիսի 9-ը կցուցադրվեն ֆիլմեր, տեղի կունենան համերգային ծրագրեր. ելույթ կունենան «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթը, «Ակունք» ազգագրական համույթը, Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը, «Ֆոլկ մոդեռն» անսամբլը և այլք:
Փառատոնի շրջանակում կցուցադրվեն ավելի քան 30 միջազգային ֆիլմեր՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Պարսկաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Լեհաստանից և այլ երկրներից (խաղարկային, անիմացիոն, լիամետրաժ, կարճամետրաժ, դեբյուտային), որոնք մերժում են պատերազմները, էկոլոգիական աղետները, բռնությունը, քարոզում խաղաղություն, մարդասիրություն, հայրենասիրություն, անդրադառնում են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին, ներկայացնում են նրանց կարողությունները, արարելու և աշխատելու ներուժը:
Հիշեցնենք, որ 10- ամյա փառատոնի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել հանրության մեջ սիրո, համերաշխության և մարդասիրական արժեքների տարածմանը: Ամեն տարի փառատոնը իր շուրջն է համախմբում տարբեր երկրներից կինոգործիչների, երաժիշների, հոգևորականների, հոգեբանների, ուսանողների և այլ արվետի ներկայացուցիչների: