Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ շփման գծի և Հայաստանի հետ սահմանագծի երկայնքով. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
07-09-2023 11:38:05 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com «Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է, պատճառն այն է, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով»:
Այս մասին այսօր Կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանական մամուլում և քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը: ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները շարունակվում են: Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական զինուժը հերթական սադրանքը ձեռնարկեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում, որի հետևանքով զոհվեցին ՊՆ երեք զինծառայողներ: Այդ սադրանքին նախորդել և հաջորդել է ՀՀ ԶՈՒ կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի ռեժիմը խախտելու մասին կեղծ լուրերի տարածումը Ադրբեջանի կողմից»,- նկատեց վարչապետը:
Կառավարության ղեկավարը նաև հիշատակեց Լաչինի միջանցքը՝ նշելով, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինի արգելափակած պահել այն:
«Հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում հասել է գագաթնակետին: Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ ԼՂ-ի և Հայաստանի նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը, և դա հիմնավորելու համար շրջանառության մեջ են դրվում կեղծ՝ իրականությանը չհամապատասխանող թեզեր»,- ասաց նա:
Փաշինյանի կարծիքով՝ իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար:
«ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման համար Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը և Լաչինի միջանցքի ապաշրջափակումը, համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների, էական է: Այս ամենի հենքի վրա ՀՀ-ն պատրաստ է և ցանկանում է խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, և մենք մեր հավատարմությունն ենք արտահայտում խաղաղության օրակարգին»,- ընդգծեց երկրի ղեկավարը: