Արցախի նախագահի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին


Արցախի նախագահի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին

  • 08-09-2023 16:15:11   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը հայտարարություն է արել նախագահի ընտրության հարցով Ազգային ժողովի հատուկ նիստ գումարելու մասին։
 
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
 
«Առաջնորդվելով Սահմանադրության 168.1-ին  հոդվածի 1-ին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1-ին հոդվածի 2-րդ և  3-րդ մասերով ՝ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք - ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները  Հանրապետության նախագահի թեկնածու են առաջադրել Սամվել Սերգեյի Շահրամանյանին, «Միասնական հայրենիք» խմբակցությունը՝ Սամվել Անդրանիկի Բաբայանին:
 
«Միասնական հայրենիք» խմբակցության կողմից Սամվել Անդրանիկի Բաբայանին Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը հետ են վերադարձվել ՝վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը չներկայացնելու պատճառով:
 
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1-ին հոդվածի 3-րդ և  4-րդ մասերի համաձայն 2023 թվականի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, իրավունքի ուժով  կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ՝ Հանրապետության նախագահի ընտրության հարցով»:  
 
2023 թվականի մարտին Արցախի Ազգային ժողովն ընդունել էր Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, համաձայն որի՝  խորհրդարանն իրավունք էր ստանում ռազմական դրության դեպքում ընտրելու երկրի նախագահին։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն