ՀՀ կառավարությունն իրավունք չունի. Ջոն Էյբները՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին


ՀՀ կառավարությունն իրավունք չունի. Ջոն Էյբները՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին

  • 15-09-2023 14:01:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության նախագահը վստահ է՝ ոչ ոք չի կարող Արցախի ժողովրդին ասել, որ իրենք ինքնորոշման իրավունք չունեն:
 
ՀՀ կառավարությունն իրավունք չունի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել: Այս մասին Երևանոմ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության նախագահ Ջոն Էյբները՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ըստ որի` Արցախը դրա մաս է:
 
Մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
 
«ՀՀ կառավարությունը որևէ կերպ իրավասու չէ ասելու Արցախի վերաբերյալ նման արտահայտություն: Ոչ ոք չի կարող Արցախի ժողովրդին ասել, որ իրենք ինքնորոշման իրավունք չունեն, անգամ ԵԱՀԿ-ն։ Դա միջազգային իրավունք է»,- նշեց Էյբները:
 
Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսն էլ ընդգծեց, որ Բաքուն Հայաստանն էլ է համարում Ադրբեջանի մի մաս, մի շարք պատմական տեղանքների էլ ադրբեջանական անուններ է տվել, ինչը շատ ցավալի է և չափազանց կարևոր իրավիճակ է ստեղծված:
 
Բարոնուհու խոսքով՝ Ադրբեջանի ցանկացած վայրագություն անպատժելի է մնում, անգամ հայկական ինքնավար տարածքներ է ներխուժել:
 
Քերոլայն Քոքսը շեշտեց՝ գործընթացներ են տեղի ունենում, որոնք Հայաստանի համար էլ կարող են խիստ վտանգավոր լինել:
 
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
 
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
 
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը