ԼՂ հարցով լսումները լույս սփռեցին Ալիևի կողմից Արցախում էթնիկ զտումներ իրագործելու մտադրության վրա․ Փալոն
15-09-2023 15:10:19 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը կարևոր է համարել Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացության մասին սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցկացված լսումները:
Նա X-ի իր (նախկին՝ Թվիթեր) էջում նշել է, որ այդ լսումները լույս սփռեցին Ալիևի կողմից Արցախում էթնիկ զտումներ իրագործելու արշավի վրա, որը շարունակվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ։
Լսումներին Հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի և մյուս սենատորների հարցերին պատասխանել է Միացյալ Նահանգների պետական քարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը: Լսումները վարում էր Մենենդեսը։ Նա նկարագրել է արցախահայերի ծանրագույն կացությունը, նշելով, որ բնակիչների զանգվածային սովամահությունը շաբաթների հարց է և այդ հանցագործությունը պետք է կանխել։