Կարմիր Խաչը բեռնատարներով հումանիտար օգնություն է հասցրել Ստեփանակերտ՝ և՛ Լաչինով, և՛ Աղդամով. APA


Կարմիր Խաչը բեռնատարներով հումանիտար օգնություն է հասցրել Ստեփանակերտ՝ և՛ Լաչինով, և՛ Աղդամով. APA

  • 18-09-2023 11:52:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը բեռնատարներով անհրաժեշտ մարդասիրական օգնություն է հասցրել Ստեփանակերտ՝ և՛ Լաչինով, և՛ Աղդամով, հաղորդում է APA լրատվական գործակալությունը: Դա, ըստ ադրբեջանական աղբյուրի, ալյուր է և դեղամիջոցներ:
 
«Մենք շատ գոհ ենք, որ որոշում կայացնողները եկել են մարդասիրական կոնսենսուսի, և այս գործընթացը կայացել է: Մենք հուսով ենք, որ մարդասիրական կոնսենսուսը թույլ կտա անհրաժեշտ օգնություն տրամադրել կարիքավորներին շարունակական հիմունքներով», - նշել է ԿԽՄԿ ներկայացուցիչը:
 
ԿԽՄԿ-ը մարդասիրական գործունեություն է ծավալում անցյալ տարվա դեկտեմբերից։ Դեկտեմբերից մինչ այսօր ավելի քան 800 մարդ է տարհանվել բուժական նպատակներով։
 
«Նաև այս բժշկական տարհանումների ընթացքում որոշ բժշկական պարագաներ առաքվել են Լաչինի ճանապարհով։ Այնուամենայնիվ, վերջին շրջանում մեծածավալ բժշկական պարագաներ կամ մեծածավալ մարդասիրական օգնություն չէր հաջողվում մատակարարել: Այսօր մեզ հաջողվեց իրականացնել այս առաքելությունը։ Որպեսզի ԿԽՄԿ-ն իրականացնի իր գործունեությունը, պետք է լինի որոշում կայացնողների համաձայնությունը», - նշել է ԿԽՄԿ ներկայացուցիչը։
 
Հայկական կողմն այս մասին դեռ չի հաղորդել:
 
Կիրակի օրը Արցախի իշխանությունները համաձայնեցին Աղդամի ճանապարհով ու Լաչինի միջանցքով հումանիտար բեռների միաժամանակ տեղափոխմանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը