Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է ԼՂ-ում ռազմական գործողությունների սկսելու մասին
19-09-2023 13:56:27 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, իբր ադրբեջանական բանակը սկսել է տեղական բնույթի հակաահաբեկչական գործողություններ՝ «տարածաշրջանում լայնածավալ սադրանքները կանխելու, հայկական զինված ուժերի ստորաբաժանումների զինաթափումն ու ադրբեջանական տարածքներից դուրսբերումը ապահովելու, ԼՂ զինվորականները չեզոքացնելու նպատակով»։
Նշվում է, որ Ադրբեջանն այս գործողություններով ապահովելու է իբր քաղաքացիական անձանց վերադարձը օկուպացիայից ազատագրված տարածքներ, ադրբեջանական զինվորականների և վերականգնողական և շինարարական աշխատանքներում ներգրավված քաղաքացիական անձանց անվտանգությունը, ինչպես նաև տարածաշրջանում Ադրբեջանի սահմանադրական կարգի վերականգնումը։
«Բարձր ճշգրտության զինատեսակների կիրառմամբ գործողությունների շրջանակում քանդվելու են Հայաստանի զինված ուժերի կազմավորումների առաջադեմ և խորքային դիրքերն ու երկարաժամկետ կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Քիչ առաջ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը ենթարկվում է զանգվածային հրետակոծության: