Լեո Դոքերթին ժամանում է Երևան, կլինի նաև Բաքվում և Թբիլիսիում


Լեո Դոքերթին ժամանում է Երևան, կլինի նաև Բաքվում և Թբիլիսիում

  • 20-11-2023 13:41:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ազատություն. Այսօր մեկնարկում է Միացյալ Թագավորության (ՄԹ) Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթի այցը տարածաշրջան՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։
 
Ըստ Հայաստանի Մեծ Բրիտանիայի դեսպանության՝ այցի ընթացքում Դոքերթին կընդգծի ՄԹ հաստատուն աջակցությունն այդ երկրների ինքնիշխանությանն ու անվտանգությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ խաղաղ բանակցությունների հրատապ անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու համար։
 
Սա Դոքերթի այս տարվա ընթացքում տարածաշրջանային երրորդ այցն է։
 
Ըստ դեսպանության՝ նա կքննարկի Հայաստանի և Վրաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգերը և կխթանի Միացյալ Թագավորության փորձը՝ աջակցելու Ադրբեջանի անցմանը վերականգնվող էներգիային։
 
Եվրոպայի հարցերով նախարարը Երևան ժամանելուց առաջ ասել է, թե «Հարավային Կովկասն առերեսվում է տարածաշրջանի կայունությանը սպառնացող անվտանգային զգալի մարտահրավերների՝ ինչպես ներքին, այնպես էլ հարևան երկրների կողմից։ Անկայուն տարածաշրջանում Միացյալ Թագավորությունը հուսալի գործընկեր է բարեփոխումների, խաղաղության և կայունության համար»:
 
Եվրոպայի հարցերով նախարարը ժամանում է Երևան նաև նոր թափ հաղորդելու անցյալ շաբաթ Լոնդոնում կայացած ՄԹ-Հայաստան ռազմավարական երկխոսությանը, որի ընթացքում երկու կողմերը պայմանավորվեցին ընդլայնել համագործակցությունն առևտրի, անվտանգության և օրենքի գերակայության ոլորտներում, նշում է դեսպանությունը։
 
«Ուրախ էի Լոնդոնում Արարատ Միրզոյանի հետ հյուրընկալել ՄԹ-ՀՀ ռազմավարական երկխոսությունը»․ Դոքերթի
Ըստ հաղորդման՝ Թբիլիսիում նա կհաստատի «ՄԹ աներկբա աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և կաջակցի նրա եվրաատլանտյան ձգտումներին՝ Վրաստանի կառավարության և ժողովրդի կամքին համահունչ»:
 
Նախարար Դոքերթին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կհորդորի արդյունավետ ներգրավվածություն ունենալ միջազգային միջնորդությամբ ընթացող բանակցություններում՝ խաղաղության պատմական համաձայնագրի հասնելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար։
 
Սեպտեմբերին Միացյալ Թագավորությունը 1 մլն ֆունտ ստեռլինգ է տրամադրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ սատարելու Լեռնային Ղարաբաղում և ավելի լայն տարածաշրջանում ստեղծված իրավիճակին հումանիտար աջակցությանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը