ՀԱՊԿ-ը հայտարարել է Հայաստան առաքելություն ուղարկելու նախագծի վրա աշխատանքները շարունակելու մասին


ՀԱՊԿ-ը հայտարարել է Հայաստան առաքելություն ուղարկելու նախագծի վրա աշխատանքները շարունակելու մասին

  • 21-11-2023 14:58:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Շարունակվում են աշխատանքները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդական առաքելություն Հայաստան ուղարկելու մասին որոշման նախագծի վրա Երևանի՝ այն օրակարգից հանելու խնդրանքից հետո էլ:
 
Այս մասին ասվում է ՀԱՊԿ քարտուղարության հրապարակված մեկնաբանության մեջ։
 
«Մինսկում ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախօրեին հայկական կողմն առաջարկել է քննարկումից հանել հայտարարության նախագիծը, աշխատել Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծի վրա, որը Հայաստան մոնիտորինգային խումբ ուղարկելու մասին էր»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի նոյեմբերին Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ չստորագրեց ՀԱՊԿ որոշման նախագիծը՝ հանրապետությանը օժանդակելու համատեղ միջոցառումների մասին։ Ստանիսլավ Զասը, ով այն ժամանակ զբաղեցնում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ասաց, որ փաստաթուղթն ընդհանուր առմամբ համաձայնեցված է, սակայն անհրաժեշտ է վերջնական տեսքի բերել։
 
Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներն այժմ որոշել են վերջնական տեսքի բերել փաստաթուղթը։
 
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ցավոք, 34 կետից երկու գործողություն իրականացնել չի հաջողվել. առաջինը մեր միջազգային շփումներն են եվրոպական միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին ԵԱՀԿ-ն է։ Պատճառը նրանց դիրքորոշումն է: Երկրորդ հարցը Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարականն է՝ վերջնական տեսքի բերելու Հայաստանին օգնության մասին որոշումը։ Թեև մնացած բոլոր դաշնակիցները սատարել են այս որոշմանը, սակայն հայկական կողմը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերել այս փաստաթղթի նկատմամբ և, ավելին, մեր աշխատանքի վերջին մասում խնդրել է այն ընդհանրապես հանել օրակարգից»,- ասել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը